Միջազգային - Չինաստանի հետ առեւտրային բանակցությունները մոտենում են ավարտին. ԱՄՆ ֆիննախարար

ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը կարծում է, որ Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ առեւտրային հարաբերությունները մոտենում են եզրափակիչ փուլին։ Այս կարծիքը, ինչպես տեղեկացնում է The New York Times թերթը, ԱՄՆ ֆինանսների նախարարն արտահայտել է կիրակի՝ ելույթ ունենալով Լոս Անջելեսի կոնֆերանսում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մենք դուրս ենք գալիս եզրափակիչ փուլ,- ասել է Մնուչինը։- Ես կարծում եմ, որ երկու կողմերն էլ ցանկանում են հասնել համաձայնության։ Մենք մեծ առաջընթացի ենք հասել»։ Ընդ որում՝ նա նաեւ ընդգծել է, որ ներկա պահին դեռ «բաց են մնում որոշ կարեւոր հարցեր»։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Մնուչինը եւ ԱՄՆ ներկայացուցիչը բանակցություններում՝ Ռոբերտ Լայթհայզերը, այս շաբաթ կմեկնեն Պեկին, որտեղ ապրիլի 30-ին կշարունակեն բանակցությունները ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային հարաբերությունների վերաբերյալ։ Չինաստանի կողմից բանակցությունները կգլխավորի պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն, որը կգլխավորի նաեւ չինական պատվիրակությունը Վաշինգտոնում՝ հավելյալ բանակցությունների համար, որոնք կսկսվեն մայիսի 8-ին։

Ավելի վաղ Չինաստանի առեւտրի նախարարության ներկայացուցիչ Գաո Ֆենը տեղեկացրել է, որ Չինաստանի իշխանությունները եւ ԱՄՆ կառավարությունը շարունակում են հաջող երկխոսությունը առեւտրային եւ տնտեսական հարցերի կարգավորման ուղղությամբ, բայց հակասություններ դեռ կան։ Ինչպես նշել է Bloomberg գործակալությունը, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող են ստորագրել առեւտրային համաձայնագիրը Ճապոնիայում գագաթաժողովի ժամանակ, որը նախատեսված է մայիսին։ The Wall Street Journal թերթի տվյալներով՝ այդ իրադարձությունը կարող է տեղի ունենալ մայիսի վերջին կամ հունիսի սկզբին։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ