Հասարակություն - Հեշտությամբ կարող եմ հերքել, բայց չեմ հերքի. Արգիշտի Քյարամյանը՝ Կոտայքի թեմի առաջնորդի որդին լինելու լուրերի մասին

Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը Tert.am-ի հետ զրույցում ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է Կոտայքի թեմի առաջնորդի որդին, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի սանիկը լինելու վերաբերյալ տեղեկությունները:

Հարցաազրույցը ներկայացնում ենք ստորև․

-Պարո՛ն Քյարամյան, Դուք նշանակվել եք ՊՎԾ պետի ԺՊ: Ըստ էության, մյուս տեղակալ Ալբերտ Աբգարյանը հրաժարվել է այդ պաշտոնից՝ այդպիսով պետի պաշտոնը զիջելով Ձեզ. եթե նա չհրաժարվեր, Դուք չէիք կարող, քանի որ, ըստ օրենքի, պետք է նշանակվեր ավելի մեծ ստաժ ունեցող տեղակալը: Մամուլը գրեց, որ Ձեզ համար ճանապարհ էր հարթում վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, նրա հետ ի՞նչ կապ ունեք, վաղեմի ծանո՞թ եք:

-Հրաժարվելու խնդիր չկա, եթե ներկայացվում է առաջարկություն՝ երեք տեղակալներից որևէ մեկին նշանակել պաշտոնակատար, ապա կապ չունի՝ նրանցից ով է ավագ, ով՝ ոչ: Իրավական էսպիսի պրոցես կա, իսկ պարոն Աղաջանյանին ընդհանրապես չեմ ճանաչել, զուտ աշխատանքի բերումով նշանակվելուց հետո եմ շփվել, մինչև այդ չեմ շփվել:

-Պարո՛ն Քյարամյան, չնայած նրան, որ Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոսն այսօր խոսել է՝ հերքելով, որ Ձեր հայրն է՝ հպանցիկ նշելով, որ հորեղբոր թոռն եք, այնուամենայնիվ շարունակում են պնդել, որ Դուք նրա որդին եք, նրա անձնագրային անունը նշվում է՝ Էլբեկ Քյարամյան (armdaily.am-ի հրապարկման համաձայն):

-Կարծում եմ՝ սա պետք է դիտարկել անձնական կյանքի գաղտնիության տեսանկյունից: Յուրաքանչյուր մարդ, այդ թվում՝ պաշտոնատար անձ ունի բնական իրավունքներ, բնական իրավունքները մարդուն տրվում են հենց ծննդյան պահից ի վեր: Շատ եմ ուզում, որ հասարակությունն ընկալի բնական իրավունքների առկայությունը, բացարձակ տեղին չեմ համարում մարդու անձնական, ընտանեկան կյանքի մեջ մտնելը և այդ համատեքստում ինչ-որ հարցեր տալը: Բնականաբար, հեշտությամբ կարող եմ հերքել այդ լուրերը, բայց չեմ հերքի:

Ես անձնական կյանքիս վերաբերող որևէ հարցի սկզբունքայնորեն չեմ պատասխանում: Շնորհակալություն:

-Ստացվում է, որ ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում եք, որ Ձեր հայրն է:

-Ես պարզ ասացի՝ որևէ հարցի սկզբունքայնորեն չեմ պատասխանում:

- Կներեք, չնայած նշում եք՝ անձնական տիրույթ է, բայց Դուք պաշտոնյա եք, մամուլում խոսվեց նաև, որ Վլադիմիր Գասպարյանը Ձեր քավորն է:

-Ձեզ հետ ավելի քան մի քանի րոպե խոսում եմ, կներեք, գործեր ունեմ: Պարզ ասացի, ասածս վերաբերում է նաև Վլադիմիր Գասպարյանի հետ կապված հարցին:

Ես չեմ կարծում, որ սա այն թեման է, որը կարելի է այդքան երկարացնել: Ես ողջ կյանքս աշխատել եմ ի նպաստ պետության, և եթե իրականում լրագրողները ցանկանում են իմ աշխատանքի արդյունքները հստակեցնել, դա շատ հեշտ է անել, հայտնի է՝ որ մարմիններում եմ աշխատել, կարող եք զանգել, հետաքրքրվել, թե ինչպես եմ աշխատել, դա շատ ավելի կարևոր է, քան ինչ-որ երկրորդական բաները:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ