Քաղաքական - Վարչապետը կարեւորել Ժորժ Կեպենեկյանի դերը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում

Հայաստանում բացվել է պատմական նոր էջ եւ այսօր երկիրն ընկալվում է որպես փոփոխությունների դրական կետ։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանը։

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:

Վարչապետը կարեւորել նրա դերը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Ժորժ Կեպենեկյանի գործունեությունը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ: «Ցանկանում եմ իմ գնահատանքի խոսքն ուղղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ով ապրիլի 24-ը Ֆրանսիայում հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Սա առանձնակի կերպով ընդգծում է մեր ժողովուրդների եւ երկրների հարաբերությունները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ժորժ Կեպենեկյանը նշել է, որ խանդավառված է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով եւ հավելել, որ մեր երկիրն այսօր հանդիսանում է դրական փոփոխությունների մոդելի լավ օրինակ: «Հայաստանում բացվել է պատմական նոր էջ եւ այսօր երկիրն ընկալվում է որպես փոփոխությունների դրական կետ»,- ասել է նա: Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալը տեղեկացրել է, որ Երեւանի քաղաքապետի հետ քննարկել է համագործակցության զարգացման ուղղությունները:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությանը, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին վերաբերող հարցերի:

Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի դեպքին, համոզմունք է հայտնել, որ առաջադեմ մարդկությունը կհամախմբվի այդ քաղաքակրթական բացառիկ արժեքը վերականգնելու գործում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ