Կրթություն - Պետք է որոշակի երաշխիքներ ապահովեն, որ բուհն ավարտած ուսանողի աշխատանքը գտնելու շանսերը բարձր լինեն. Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց ՀՀ բուհերի 2019-2020 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրի, անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատելու մասին որոշման նախագիծը:

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ բակալավրի համար հատկացվել է 2600 տեղ, 1300 մագիստրոսական տեղ, 140 ասպիրանտական տեղ: Նախարարը հայտնեց, որ այս տեղերը հաշվարկելիս հիմք է ընդունվել առկա պահանջարկը, բուհերի առանձնահատկությունները, կառավարության ծրագիրը, գերատեսչությունների, այդ թվում՝ մարզպետարանների առաջարկները:

Վարչապետի խոսքով՝ հաջորդ տարի այս որոշումը՝ տեղերի հատկացումը, պետք է կայացվի բոլորովին ուրիշ վերլուծությունների հիման վրա։

«Այո, համալսարաններին նեղացնելու քաղաքականությունից պետք է դուրս գալ: Հույս ունեմ, որ կոպիտ չի հնչի, բայց մեր երկրում համալսարանները մեր հանրությանը բավարար չափով նեղացրել են»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ համալսարաններն այլևս քաղաքական գործիք չպետք է լինեն կառավարության ձեռքին, բուհերը պետք է ապաքաղաքականացվեն:

Վարչապետը նշեց նաև՝ պետք է որոշակի երաշխիքներ ապահովեն, որ բուհն ավարտած ուսանողի աշխատանքը գտնելու շանսերը բարձր լինեն, այսօր միջազգային ասպարեզում ներառված բուհերի համար դա կարևոր չափանիշ է. «Մենք պետք է այս տրամաբանությամբ գնանք»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ