Տնտեսություն - Կառավարությունն ԱԳՆ-ին շուրջ 350 մլն դրամ հատկացրեց

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Արտաքին գործերի նախարարությանը հատկացվեց 2019 թվականի 1-ին կիսամյակում 115,840.8 հազար դրամ, 9 ամսում՝ 231,681.6 հազար դրամ և տարեկան՝ 347,522.4 հազար դրամ՝ օտարերկրյա պետություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության ապահովման նպատակով:

Որոշումը կայացվեց կառավարության այսօրվա նիստում:

«Երբ դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացման նպատակով 2018 թ․ մայիսից ի վեր որդեգրվեց սկզբունքային քաղաքականություն արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ նշանակել կադրային դիվանագետներ ԱԳՆ համակարգից, սա ի հայտ բերեց, որոշ պահանջներ ֆինանսական որոշ վերահաշվարկների համար: Նախկինում արտերկրում մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների պաշտոնում կատարվել են նշանակումներ, ովքեր ԱԳՆ համակարգից չէին։ Նրանցից մի մասը՝ մասնավորապես Վատիկանում, Ժնևում և Լոնդոնում ՀՀ դիվանագիտական, Լիոնում և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսական ներկայացուցչությունների ղեկավարները իրենց առաջարկությամբ հրաժարվել էին հասանելիք աշխատավարձերից, ընտանիքի անդամներին փոխհատուցման գումարներից և այլն: ՀՀ արտաքին գործերի նախարարության բյուջետային հայտում վերոնշյալ ծախսերը ներառված չեն եղել և այդ նպատակով բյուջեից գումարներ չեն հատկացվել»,- ասաց Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նախարարի խոսքով, այժմ առաջացել է վերոնշյալ ծախսերի հատվածը ՀՀ պետական բյուջեից ապահովելու անհրաժեշտությունը:

Կատարված հաշվարկների համաձայն՝ այդ ծախսերը կազմում են 347,522.4 հազար ՀՀ դրամ կամ 714 հազար ԱՄՆ դոլար։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ