Հասարակություն - Հաճընի հերոսամարտի 100-ամյակին ընդառաջ հաճընցիները ոգեկոչեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը

Ապրիլի 24-ի նախաշեմին կայացավ «Հաճընի ութամսյա հերոսամարտի 100-ամյակին ընդառաջ ոգեկոչման ցերեկույթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին» խորագրով միջոցառումը, որը կազմակերպել էր «Հաճըն» հայրենակցական միությունը: Ցերեկույթը, որի կարգախոսն էր «Արդարություն և հատուցում», իր օրհնանքով և աղոթքով բացեց ԱՀԹ Զորավոր սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը, իսկ միջոցառման գեղարվեստական մասն ապահովեցին հայտնի և սիրված կատարողներ Գուսան Հայկազունը, Արսեն Գրիգորյանը, Արսեն Համբարյանը, «Նազանի» անսամբլի մեներգիչները (ուսուցչուհի՝ Արմինե Հունանյան):

 

Ներկաները դիտեցին Հաճընի հերոսամարտին նվիրված ֆոքրիկ ֆիլմ: Ցերեկույթը վարում էր ՀՀ վաստակավոր լրագրող Սարգիս Նաջարյանը: Հայրենասիրական ոգով տոգորված միջոցառումն իրենց ներկայութամբ պատվեցին նաև «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում ՀԿ անդամները՝ հանձին ղեկավար Մանուել Մանուկյանի և «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» ՀԿ անդամները՝ հանձին ղեկավար Ռիմա Առաքելյանի:

 

Ինչպես նշեց «Հաճըն» հայրենակցական միության ատենապետ, «Տեսակետ» մամուլի ակումբի նախագահ Հովհաննես Գրիգորյան-Ճարպիկյանը՝ նման միջոցառումների նպատակը ոչ միայն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը միշտ վառ պահելն ու Միության անդամների միջև կապերի ամրապնդումն է, այլև հաճընցի նախնիների կտակը՝ հաճընցիական ոգին, սերունդներին փոխանցելը և նրանց միջոցով Հաճըն անունն ապրեցնելը՝ մինչև վերջնական հաղթանակ. «Մենք վստահ ենք, որ թեկուզ ոչ մենք, բայց գոնե մեր ապագա սերունդներն անպայման տեսնելու են ազատագրված Կիլիկիո Հաճընը: Մեր հպարտությունը մեր ինքնությունն է, մեր գենը, որը մենք պարտավոր ենք պահպանել ու փոխանցել մեր ժառագներին»:

 

Ի դեպ՝ մյուս տարի նշվելու է Հաճընի ութամսյա հերոսամարտի 100-ամյակը, որին Միությունը պատրաստվում է արդեն այսօրվանից: Հ. Գրիգորյան-Ճարպիկյանը նշեց. «Անելիքները բազմաթիվ են, ի թիվս այլևայլ ծրագրերի՝ նախատեսում ենք նաև գրքեր տպագրել և ֆիլմաշար ստեղծել: Հուսանք՝ մինչ այդ կհասցնենք, եթե, իհարկե, բավարար ֆինանսական միջոցներ լինեն: Նաև ցանկություն կա Հայաստանում գիտաժողով անցկացնելու, որը կվերանայի մեր ռազմավարությունը Հայկական հարցի լուծման ուղղությամբ:

 

Ցեղասպանության հետևանքների վերացումը հնարավոր է միայն ուժեղ պետության կառուցման դեպքում: Այդ կերպ մենք կկարողանանք լուծել ոչ միայն Հայոց ցեղասպանության հետ կապված հարցերը, այլև հաղթահարել մեր առջև ծառացած այլևայլ խնդիրներ, ուստի պիտի միասնական լինենք և ուժեղ պետություն կառուցենք, որպեսզի կարողանանք դիմակայել մեզ նետված մարտահրավերներին»:

 

Միջոցառման ընթացքում անդրադարձ արվեց ինչպես Հաճընի ութամսյա դյուցազնամարտի հերոսներին, այնպես էլ՝ Ապրիլյան պատերազմում անմահացած Սուրեն Ճարատանյանին՝ Արցախյան ազատամարտի մասնակից, և նորհաճնցի երիտասարդ Գևորգ Մղդեսյանին: Հաճընցիները դահլիճից դուրս եկան բարձր տրամադրությամբ՝ միջոցառման ավարտին ևս մեկ անգամ հպարտութամբ հիշելով իրենց սիրելի կարգախոսը՝ «Մեր նատուրոն բաշխո ի»:

 

«Հաճըն» հայրենակցական միություն
«Տեսակետ» մամուլի ակումբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ