Քաղաքական - Ապրիլի 24-ը մեզ համար խնկարկումի, բայց նաեւ հարության օր է. Արմեն Սարգսյանի ուղերձը

Այսօր համայն հայ ժողովուրդը՝ առաջադեմ մարդկության հետ, աշխարհի բոլոր մայրցամաքների վրա ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այս մասին ասված է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա ուղերձում:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Ապրիլի 24-ը Օսմանյան Թուրքիայում պետական մակարդակով կազմակերպված եւ իրականացված հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրն է, իրենց պատմական բնօրրանում բռնությունների ենթարկված եւ հայրենի հողից տեղահանված մեր բազմաթիվ հայրենակիցների ողբերգությունը վերստին հիշելու, մեր կորցրած հոգեւոր, նյութական ու մշակութային արժեքների մասին հիշեցնելու, մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության՝ ցեղասպանության մասին աշխարհին եւս մեկ անգամ բարձրաձայնելու, սթափության եւ ժխտողականության դեմ պայքարի կոչելու օրը:

Ապրիլի 24-ը մեզ համար խնկարկումի, բայց նաեւ հարության օր է:

Հայոց ցեղասպանության անպատժելիությունը դուռ բացեց մարդկության դեմ հետագա ծանր հանցագործությունների եւ ցեղասպանությունների առջեւ: Հիշենք Հոլոքոստը, Կամբոջան, Ռուանդան եւ մյուս ողբերգությունները:

Այն զգոնության դաս պետք է լինի բոլորի համար: Մարդկության դեմ գործած այդ ահավոր ոճրի միջազգային ճանաչումը եւ դատապարտումը կարեւոր քայլ պետք է դառնա դրա կրկնությունը աշխարհում որեւէ տեղ բացառելու նպատակով:

Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր այն պետություններին, միջազգային կառույցներին եւ կազմակերպություններին, հոգեւոր պետերին եւ քաղաքական առաջնորդներին, մշակութային, ակադեմիական եւ գիտական շրջանակների ներկայացուցիչներին, անհատներին, որոնք իրենց համերաշխությունն են հայտնում հայ ժողովրդին եւ ճանաչում ու դատապարտում Հայոց ցեղասպանությունը:

Այսօր գլուխ խոնարհելով սուրբ նահատակների հիշատակի առջեւ՝ միեւնույն ժամանակ մենք վկայում ենք վերապրելու եւ մեր Հայրենիքը վերակերտելու աննկուն կամքը:

Վերապրողների ժառանգներիս պարտքն է համախմբվել մեր ազգային իղձերի շուրջ, հավատարիմ մնալ մեր ինքնությանն ու արժեքներին, խթանել ժողովրդի ստեղծարար ուժերը, կերտել դինամիկ զարգացող ժամանակակից Հայաստան, որը հպարտության առարկա կլինի աշխարհի բոլոր հայերի համար եւ ունակ՝ պաշտպանելու հայ ժողովրդի անանց իրավունքները»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ