Մշակույթ - «Հայոց ցեղասպանության 150-ամյա վկաները. Կոմիտաս Վարդապետ և Հովհաննես Թումանյան». Հայոց ցեղասպանության թանգարանում բացվել է ժամանակավոր ցուցադրություն

Ապրիլի 23-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանության 150-ամյա վկաները. Կոմիտաս Վարդապետ և Հովհաննես Թումանյան» խորագիրը կրող ցուցադրության բացում, հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։

Ողջույնի խոսք է ասել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը, ապա խոսքը փոխանցել է ցուցադրության հեղինակ, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ Սեդա Պարսամյանին. «Ցուցադրությունը բացառիկ է և շատ ուսուցողական հայ ժողովրդի երկու հանճարների՝ միմյանց, ապա և Հայոց ցեղասպանության հետ ունեցած առնչությունների բազմակողմանի լուսաբանման առումով»: Նա իր խոսքում շնորհակալություն է հայտնել և´ ՀՀ մյուս թանգարաններին ցուցադրությանն անհրաժեշտ ցուցանմուշներ տրամադրելու, և´ Մշակույթի նախարարությանը այդ նյութերի տեղափոխմանն աջակցելու, և´ ՀՑԹԻ տնօրենին ու աշխատակիցներին ցուցադրական աշխատանքների պատրաստմանն աջակցելու, և, իհարկե, ներկաներին՝ մասնակցության համար:

Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Տիկին Պարսամյանը հյուրերին մանրամասն ներկայացրել է ամբողջ ցուցադրությունը, շեշտադրել Կոմիտաս Վարդապետ - Հովհաննես Թումանյան մեծությունների կապն ու անմիջական առնչությունը Հայոց ցեղասպանության պատմությանը:

Ցուցադրության բացումից հետո Հիշողության պուրակում տեղի է ունեցել եղևնիներ տնկելու հանդիսավոր և խորհրդանշական արարողություն. Երևանի թիվ 166 դպրոցի երկու աշակերտ՝ Հովհաննեսն ու Սողոմոնը, տնկել են իրենց անվանակիցների անունով ծառեր: Ծառերի կողքին ամրացված ցուցանակների վրա գրված է՝ ի հիշատակ Հովհաննես Թումանյանի և Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանների: «50 տարի հետո՝ նրանց 200-ամյա հոբելյաններին կրկին պետք է գա´ք ու ջրե´ք այս ծառերը», - աշակերտներին պատգամել է ՀՑԹԻ տնօրենը:

Ցուցադրությունը նվիրված է հայ ժողովրդի մեծանուն մտավորականներ Կոմիտաս Վարդապետի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյաններին:

Ցուցադրության նպատակը Հայոց ցեղասպանության պատմության հետ վերջիններիս ունեցած առնչությունների հանրահռչակումն է: Ցուցադրությունն ունի բովանդակային երկու հիմնական ուղղվածություն. մի կողմից լուսաբանվում են երկու մեծությունների բարեկամական ու ստեղծագործական առնչությունները, մյուս կողմից՝ առավել շեշտադրված՝ Հայոց ցեղասպանության ու դրա ծանր հետևանքների հետ ունեցած վերջիններիս անմիջական կապը:

Ութ խորագրերից կազմված երկլեզու (հայերեն, անգլերեն) ցուցադրության մեջ ներառված են ինչպես «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի, այնպես էլ ՀՀ տարբեր արխիվների ու թանգարանների ֆոնդերում պահվող բնօրինակ նյութեր, բացառիկ կադրեր: Առաջին անգամ ցուցադրվում է Հայոց ցեղասպանությունը վերապրած բիթլիսցի Աղավնի Մկրտչյանի տեսաձայնագրությունից հատված Հովհաննես Թումանյանի՝ 1915 թ. Էջմիածնում գաղթականներին օգնություն կազմակերպելու մասին: Ներկայացված բացառիկ բնօրինակ նյութերի մեջ առանձնահատուկ է 1915 թ. ապրիլի 11/24-ին Չանկըրը աքսորված և սպանված մտավորականներից Վարդերես Աթանեսյանի՝ աքսորի ընթացքում պատրաստած և մեզ հասած ուլունքաշար-համրիչը՝ բախտակից աքսորյալ 99 մտավորականների անունների փորագրությամբ, ի դեպ՝ առաջին հատիկի վրա Կոմիտաս Վարդապետի անունն է:

Ցուցադրությունն ուղեկցվում է Թումանյանի «Անուշ» պոեմի հիման վրա Կոմիտասի համանուն անավարտ օպերայի երաժշտությամբ՝ Արաքս Մանսուրյանի կատարմամբ: Ներկայացված են նաև հայ մեծանուն նկարիչ Սարգիս Մուրադյանի՝ «Կոմիտաս» շարքից մի քանի էսքիզներ:

Ցուցադրությունը կգործի մինչև սույն թվականի օգոստոսի 30-ը, մուտքն ազատ է:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ