Մամուլ - «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությա՞նն է փոխանցվել

Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը ո՛չ պետությանը, ո՛չ Ծաղկաձոր համայնքին չի փոխանցվել։ Sputnik Արմենիային այս մասին հայտնել է Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը` մեկնաբանելով հյուրանոցի աշխատանքները դադարեցնելու մասին տարածվող տեղեկությունները։

«Հյուրանոցի աշխատելու մասին տեղեկություններ չունեմ, բայց հյուրանոցի նկուղային հարկում տեղակայված «Սենատոր» խաղատունն աշխատում է։ Դե իսկ եթե խաղատունն աշխատում է, ուրեմն հյուրանոցը դեռ սեփականատերերին է պատկանում, քանի որ խաղատունը սեփականատերերն են վարձակալությամբ տվել»,– ասել է Հարությունյանը։

Ինչ վերաբերում է հյուրանոցային հատվածում աշխատանքների դադարեցմանը, քաղաքապետը հայտնեց, որ հյուրանոցում աշխատողներ կան, բայց տեղյակ չէ` աշխատում են, թե վերանորոգում են անում։ «Կարող է դադար լինել, քանի որ հիմա սեզոն չէ, կարող են փակել, մեկ ամիս հետո` բացել, ծախսերից է կախված։ Ծաղկաձորում շատ կան հյուրանոցներ, որտեղ ապրիլ–մայիսին հիմնականում վերանորոգումներ են իրականացվում` ամռան սեզոնին ընդառաջ»,– ասել է նա։

Ծաղկաձորի քաղաքապետը չի հաստատել նաև հյուրանոցի աշխատակիցներին աշխատանքից ազատելու լուրերը։

«Հյուրանոցում Ծաղկաձորից աշխատողներ կան։ Եթե ազատված լինեին, այլ աշխատանք կփնտրեին, մեզ էլ կդիմեին այդ հարցով։ Հնարավոր է` հարկադիր պարապուրդի մեջ լինեն` աշխատավարձի 50 տոկոսով վճարվեն»,– ասել է Հարությունյանը։

Առաջին անգամ առանց Արցախի. Ինչո՞ւ երեկ ոչ մի պաշտոնյա ներկա չէր

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ