Քաղաքական - Հայաստանի կառավարությունը պետք է վարի բարձր աշխատավարձերի քաղաքականություն. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է վարի բարձր աշխատավարձերի քաղաքականություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բարձր աշխատավարձերի քաղաքականություն վարելու մեր կարևորագույն գործիքներից մեկը Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում համահարթ եկամտային հարկի սահմանումն է, ընդ որում՝ նախապայմանով, որ եկամտահարկը առաջիկա տարիներին մեզ մոտ պետք է նվազի՝ հասնելով 20 տոկոսի: Մենք կարծում ենք, որ այսպիսով խրախուսում ենք բարձր աշխատավարձը, բարձր աշխատավարձի քաղաքականությունը: Կարծում ենք, որ այսպիսով խրախուսում ենք կրթությունը, բարձր որակավորում ունեցող մասնագետներին»,- ասել է Փաշինյանը:

Նա հավելել է, որ բարձր որակավորում ունեցող մասնագետ ասելով՝ նկատի ունեն ոչ միայն տեխնոլոգիական ոլորտը: «Հույս ունենք, որ առաջիկայում Հայաստանում էականորեն կզարգանա բորսայական համակարգը: Մեր կառավարությունն այս ուղղությամբ նույնպես աշխատանք է վարում, և մենք փորձում ենք Հայաստանում գտնել պետական ընկերություններ, որոնց արժեթղթերը հնարավոր կլինի դուրս բերել շուկա, ինչպես նաև փորձել որոշակի կարգավորումներով խրախուսել մասնավոր ընկերություններին, որպեսզի նրանք գնան այդ ճանապարհով: Իհարկե, Հայաստանում բանկային համակարգը բավական կայացած է, նաև ծառայությունների որոշակի համակարգ է կայացած, որտեղ նույնպես մենք կարող ենք ասել, որ բարձր որակավորմամբ մասնագետներ ներգրավելու պոտենցիալ կա»,- մանրամասնել է ՀՀ վարչապետը:

Նրա խոսքով՝ իրենք համաձայն են, որ նույնիսկ մեծ ջանքերի դեպքում հնարավոր չի լինի Հայաստանի պոտենցիալ աշխատուժն ամբողջությամբ բերել նույն որակավորման: «Մենք հասկանում ենք, որ այստեղ որոշակի շերտավորումն անխուսափելի է, և այդ շերտավորման բերած խնդիրները սպասարկելու առումով է, որ մենք որպես առաջնահերթություն սահմանել ենք գյուղատնտեսության ոլորտը, որը, ըստ էության, համարում ենք տեխնոլոգիաների հետ առնչվող, նաև զբոսաշրջության ոլորտը: Կարծում ենք, որ աշխատուժի այն հատվածը, որը չի տեղավորվի մեր ասած բարձր որակավորման սեգմենտում, կարող է տեղավորվել այս հատվածում՝ ապահովելով փոքր և միջին բիզնեսի զարգացման որոշակի դինամիկա, ապահովել բարեկեցության որոշակի մակարդակ և ապահովել անհատական ջանքը գործադրելու որոշակի հնարավորություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ