Քաղաքական - ՀՔԾ-ն հաստատում է Միհրան Պողոսյանի ձերբակալվելու հանգամանքը, պաշտպանը՝ հերքում

Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը «Հետք»-ի հետ զրույցում հաստատել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի ձերբակալման լուրը:

«Միհրան Պողոսյանը հայտնաբերվել և ձերբակալվել է ՌԴ իրավապահների կողմից, արտահանձնման գործընթացն ընթացքի մեջ է»,- ասել է Մարինա Օհանջանյանը:

Միհրան Պողոսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը չի հաստատել Մոսկվայում նրա ձերբակալվելու վերաբերյալ տեղեկությունը:

«Ես խոսել եմ իր հետ, նման տեղեկատվություն չկա, եթե լիներ նման հանգամանք, ես տեղյակ կլինեի»,- ասել է Երեմ Սարգսյանը, ով պարբերաբար կապի մեջ է լինում նրա հետ:

Պաշտպանը նշել է, որ լուրի` իրական չլինելը հավաստում են նաև նրա հարազատները:

«Ես խոսեցի նաև հարազատների հետ, ասացին, որ լուրն իրականությանը չի համապատասխանում»,- ասել է Երեմ Սարգսյանը:

Ավելի վաղ Irakanum.am կայքը գրել էր, որ, երեկ՝ ապրիլի 20-ին Մոսկվայում կալանավորվել է ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, և առաջիկա օրերին տեղի կունենա Պողոսյանի հայկական կողմին հանձնելու գործընթացը։

Միհրան Պողոսյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Ըստ մեղադրանքի, նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարարվել և խափանման միջոց ընտրվել կալանավորումը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ