Քաղաքական - Ռոբերտ Քոչարյանն իմ ընկալմամբ քաղաքական հալածյալ է. Արմեն Աշոտյան

Երեկվա իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանն ասաց մի շարք հին ու նոր ստեր: Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Վերջինիս խոսքով, Փաշինյանի ասուլիսի մեծ մասը նվիրված էր իր խոստումների «իբր թե» կատարմանը: «Դնելով մի կողմ այն, որ 100 տոկոս կատարել եմ ձևակերպումներն առնվազն կոռեկտ չեն՝ մի քանի փաստ պարզապես աղաղակող էին: Տեսեք, Փաշինյանն ասում է, որ իր խոստումը՝ պետական բյուջեն կարճ ժամանակում 30-40 տոկոսով ավելացնելու, այլևս իրականություն է դառնում, որովհետև 2018 թվականին բյուջեն ավելացել է եկամտային մասով 10 տոկոսով, իսկ 2019-ին նախատեսում է մինչև 5 տոկոս ավելացում: Անգամ եթե այդպես է, թեպետ այդ թվերը բավականին վիճելի են և տնտեսագետները կարող են դրա մասին խոսել, բայց պարզագույն մաթեմատիկան ցույց է տալիս, որ անգամ եթե Փաշինյանը ճիշտ թվեր է ներկայացրել, ապա 2 տարվա կտրվածքով 10+5 տոկոսները չեն տալիս իր խոստացած 30-40 տոկոսը: Բացի այդ, պետական բյուջեի եկամտային մասը 2018 թվականին արդեն ծրագրավորված էր որպես 2017 թվականի նկատմամբ ավելի դրական սպասումներով բյուջե: Այսինքն՝ մեկ է այդ բյուջետային միավորներն իր բացակայության դեպքում էլ կավելանային»:

Անդրադառնալով Նիոլ Փաշինյանի, այսպես կոչված, մյուս «ստին»՝ Աշոտյանը մատնանշեց «Սաշիկի արագաչափերը»: Ըստ ՀՀԿ փոխնախագահի՝ վարչապետը փորձեց «սղցնել» մեկ թեմա ևս: «Նա խոսեց բացառապես այն մասին, որ չմուծված տուգանքների համար հայտարարել է համաներում մոտ 25 միլիոն ամերիկյան դոլարին համարժեք: Հիշեցնեմ, որ այդ համաներման համար վճարել ենք ես և միլիոնավոր քաղաքացիներ, այդ տուգանքները ներվել են պետական բյուջեից մեր և ձեր հաշվին: Բայց Փաշինյանն այդպես էլ չբացատրեց՝ ինչու է մինչև հիմա օգտագործում «Սաշիկի արագաչափեր» ձևակերպումը: Արդյոք այս մեկ տարվա մեջ նա կարողացել է ապացուցել, որ այդ արագաչափերը Սաշիկինն էին: Ոչ, ավելին՝ ոստիկանության նախկին բարձրաստիճան աշխատակիցներից մեկն, ով այժմ ԱԺ պատգամավոր է, մի քանի անգամ նշել է, որ այդ արագաչափերը երբեք Սաշիկ Սարգսյանին չեն պատկանել: Հարց է ծագում՝ ինչու է Նիկոլ Փաշինյանը մեր և ձեր ականջներին փորձում կապել այս մակարոնը: Ո՞ւր է ապացույցը»:

Հաջորդ թեման, որին անդրադարձավ Արմեն Աշոտյանը, «Մարտի 1»-ն է: ՀՀԿ փոխնախագահը հիշեցրեց, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ին՝ իր պաշտոնավարման 100-րդ օրվա առիթով, ասաց՝ «Մարտի 1»-ը բացահայտված է: «Երեկ նա կրկնեց նույն միտքը՝ մի 2 բառ փոխելով: Նա ասաց, որ գրեթե 100 տոկոսով բացահայտված է: Կարող եմ պնդել ու ասել, որ «Մարտի 1»-ը իր ընկալումների, իր հարուցած քրեական գործի շրջանակում բացահայտված չէ, քանի դեռ բացահայտված չէ 10 զոհերի մահվան հանգամանքները»:

Բացի այդ, Աշոտյանի հավաստմամբ, Հայաստանում կան քաղաքական հալածյալներ, մինչդեռ Փաշինյանն իր խոսքում հակառակն է նշել: «Առնվազն Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարցուցված քրեական գործը վկայում է այն մասին, որ Հայաստանում կա քաղաքական մոտիվներով, քաղաքական հիմքով հետապնդվող գործիչ՝ Ռոբերտ Քոչարյանը: Եվ Ռոբերտ Քոչարյանը, իմ ընկալումների մեջ, քաղաքական հալածյալ է: Հետևաբար վրեժխնդրության և քաղաքական համերաշխության մասին խոսելը Փաշինյանի կողմից մանիպուլյացիոն հնարք է»,- եզրափակեց Աշոտյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ