Քաղաքական - Ես մինչև այսօր գիտեի՝ ուրիշ մարդու մարդն եմ. Գեղամ Գևորգյան

Ավինյանի ընտանիքին պատկանող արտադրամասին դրամաշնորհ տրամադրելու գործընթացը սկսվել է շուտ և դրա գրեթե բոլոր փուլերը ավարտված են եղել մինչև հեղափոխության սկսելը և Ավինյանի՝ փոխվարչապետ նշանակվելը: Այս մասին այսօր ԱԺ-ում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի նշանակման հարցի քննարկման ժամանակ ասաց Գեղամ Գևորգյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

Արման Բաբաջանյանը նշեց, որ ինքը զարմացած է թե Նիկոլ Փաշինյանն ինչու է Գևորգյանի թեկնածությունն առաջադրել այս կարևոր պաշտոնին: Նա նշեց, որ արդյոք նրան գյուղատնտեսության նախարար նշանակելը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից փոխվարձահատույց լինելու արդյունք չէր այն բանից հետո, երբ Գևորգյանի գլխավորած հիմնադրամը Ավինյանի ընտանքին պատկանող չրի արտադրամասին դրամաշնորհ էր տրամադրել:

Գևորգյանը նշեց, որ հիմնադրամի տնօրենը որևէ իրավասություն չուներ տալ կամ չտալ որևէ դրամաշնորհ, ավելին՝ դրամաշնորհը տրվել է կոնկրետ մի քանի փուլ անցած տարբեր հիմնադրամների կողմից, ընդ որում, դրամաշնորհը տրամադրել է մի հանձնաժողով, որի կազմը սահմանել է երկու-երեք նախարար առաջ նշանակված անձը: Որոշումը կայացվել է մեկ այլ նախարարի օրոք, և հիմնադրամի տնօրենը զուտ ձևաբանական առումով ստորագրել է փաստաթուղթը:

Արման Բաբաջանյանն արձագանքեց և հարցրեց. «Դուք, ի վերջո, հայտնվել եք այս հիմնադրամում Կարեն Կարպետյանի կառավարության ժամանակ, դուք համարվում եք գյուղատնտեսության նախկին նախարար Իգնատի Առաքելյանի, այսպես ասած, մարդը։ Ինչպե՞ս եք հայտնվել Տիգրան Ավինյանի տեսադաշտում, մասնավորապես՝ նրա անվան հետ կապվող դրամաշնորհի պատմության շրջանակներում»։

«Ես մինչև այսօր գիտեի՝ ուրիշ մարդու մարդն եմ: Ի՞նչ է նշանակում Իգնատի Առաքելյանի մարդը: Նա իմ ընկերն է, եղել է նախարար, ում օրոք ես աշխատել եմ հիմնադրամում: Ես 10 տարուց ավելի աշխատում եմ կառավարման համակարգում, այդ մասին իմ ինքնակենսագրականում նշված է»,- պատասխանեց թեկնածուն։

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ