Քաղաքական - Կառավարությունը հաստատեց. Երևանի քաղաքապետարանը ձեռք կբերի 15 աղբատար նոր մեքենա

Երևանի քաղաքապետարանը ձեռք կբերի 15 աղբատար նոր մեքենա: Քաղաքապետ Հայկ Մարությանը կառավարության նիստում հայտարարեց, որ աղբահանության հետ կապված սկզբնական շրջանում «Սանիթեք»-ի աշխատանքը նորմալ է եղել, սակայն սխալ աշխատանքը բերել է այն վիճակին, որն այսօր առկա է:

«Մենք բազմիցս զգուշացրել ենք` այն վիճակում, որ ձեր մեքենաներն են գտնվում, այդպես շարունակվել չի կարող, այդ հարցերը պետք է լուծեք: Իրենք էլ ասացին, որ հնարավորություն չունեն, ֆինանսական շատ վատ վիճակում են, մենք էլ մրցույթին հանեցինք 24 աղբատար մեքենա, որը պետք է ձեռք բերեր Երևան քաղաքը»,- ասաց Հայկ Մարությանը՝ ավելացնելով, որ մոտ 13 միլիոն դրամով տուգանել են ընկերությանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, որ աղբահանության հետ կապված շատ են ահազանգեր ստացել: «Վիճակը կրիտիկակա՞ն է», – հարցրեց Նիկոլ Փաշինյանը:

 

«Վիճակը կրիտիկական չէ, կրիտիկականը 2012 թվականին էր Նեապոլում, այ դա ես նկարել եմ, լուսանկարները նիստից հետո կուղարկեմ, կտեսնեք, դա է կրիտիակականը, հուսով ենք` չենք հասնի կրիտիկականի»,- ասաց Հայկ Մարությանը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կառավարությունը հնարավոր ամեն ձևով պետք է աջակցի քաղաքապետարանին, որ «Սանիթեք»-ը պատշաճ կատարի աշխատանքը: «Բայց դուք ասացիք, թե 13 միլիոն դրամով տուգանել եք ընկերությանը, բայց սա ոչ թե լավացնելու է իրավիճակը, այլ ավելի է վատացնելու, որովհետև նրանք հաջորդ փուլում ասելու են` դե 13 միլիոն տուգանեցիք, մենք էլ փող չունենք, որ մեքենաները նորոգենք, այն ժամանակ երեքն էր փչանում, հիմա յոթն է փչանում, դե գնացեք, ինչ ուզում եք արեք»,-ասաց վարչապետը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ