Քաղաքական - Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հատված են հրապարակել յոթի գործով դատական ակտից

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը իր ֆեյսբուքյան էջում հատված է հրապարակել յոթի գործով դատական ակտից։

«Թե ինչի հիման վրա են դատախազները 2009թ․ մարտի 31-ի որոշմամբ 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումից հրաժարվել․ գնահատեք ինքներդ»,– գրված է փաստաբանական թիմի էջում։

«․..-ին ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրականացրել է ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն և պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված դիտավորյալ գործողություններ, մինչդեռ, ՀՀ Ազգային ժողովի կողմից 2009թ․ մարտի 18-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով ըստ էության սահմանվել են հանրորեն վտանգավոր արարքի նոր հանցակազմեր:

Նկատի ունենալով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի, ուստի ամբաստանյալ ․․․-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման»,- նշվում է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ «Մարտի 1-ի գործով» մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բազմիցս խոսել են այն մասին, որ Քոչարյանին Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով մեղադրանք առաջադրվել չէր կարող, քանի որ 2008 թվականի մարտի իրադարձությունների ժամանակ Քրեական օրենսգիրքը նման հոդված չէր սահմանում:

Քոչարյանի պաշտպանները պնդում են նաև, որ այդ գործով անցնող անձանց չէր կարելի մեղադրանք առաջադրել մի հոդվածով, որից ժամանակին «Յոթի գործով» դատախազները հրաժարվել են։

Իսկ այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ այդ որոշման իրավական մեկնաբանությունը չկա։

«Այդ որոշման մեջ բացարձակ չկա որեւէ մեկնաբանություն, իսկ կոնկրետ իրադրությունում որեւէ նորմ խստացնող է թե մեղմացնող, օրենքում կան դրա սահմանումները։ Մեր ընկալմամբ՝ նոր օրենքը ոչ մի կերպ խստացնող օրենք չէ»,–ասել էր նա։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ