Քաղաքական - Ձեր ներկայացրած համակարգը Սերժ Սարգսյանինն է, կոստյումից երկու կոճակ եք հանել, հենց գիտեք թե բան եք փոխել․ Էդմոն Մարուքյանը՝ իշխանությանը

Այս պետական կառավարման կառուցվածքն անվանվել է «Սերժ Սարգսյանի կոստյում», սուպերվարչապետական համակարգ, և բոլոր այն հանգամանքերը, որոնք եղել են արատավոր, այս նախագծով չեն փոխվել: Այս մասին այսօր Ազգային ժողովում Կառավարության կառուցվածքի փոփոխության հարցի քննարկման ժամանակ նշեց ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Հիմա դուք բերել եք նախագիծ, որով առաջարկում եք անել հետևյալ բանը. ասում եք՝ այս կոստյումի կոճակները տեսնում եք, այս կոճակներից երկուսը հանում եք, մյուս կողմից էլ երկու կոճակ եք հանել ու ասում եք՝ այս կոստյումը մենք այսպես հագնում ենք, սա լավ կոստյում է»,- ասաց Մարուքյանը։

Ըստ նրա՝ այն կոստյումը, որը կարվել էր, չի փոխվել, և այդ սուպերվարչապետական համակարգը մնացել է ուժի մեջ:

«Ասում եք՝ կասկածներ չունենաք: Մենք կասկածներ ոչ թե ունենք, այլ մենք ձեզ ասում ենք՝ ինչու վարչապետի խոստումը չեք կատարել: Վարչապետն այս ամբիոնից ասել է՝ գտնում եմ, որ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը դառնալու են նախարարություններ, հետևաբար մտնելու են կառավարության կառուցվածք: Ձեր ներկայացրած համակարգը Սերժ Սարգսյանինն է, կոստյումից երկու կոճակ եք հանել, հենց գիտեք թե բան եք փոխել»,- ասաց Մարուքյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ