Հասարակություն - «Շարքային, տարրական հանցագործ է»․ Գլխավոր դատախազը՝ քաղաքացուն ծեծի ենթարկած ոստիկանի մասին

Նոր Նորքի բնակիչ, 36-ամյա Էդգար Ծատինյանին ոստիկանական բաժնում ծեծի ենթարկելու եւ հիվանդանոցում նրան ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու վերաբերյալ մամուլի հրապարակումները հաստատող փաստական տվյալների դեպքում շատ խիստ է լինելու տվյալ ոստիկանի նկատմամբ քրեական պատասխանատվությունը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Գլխավոր դատախազը վստահեցրեց, որ շատ հետեւողական են լինելու այդ դեպքի մասով․ «Եթե մամուլում առկա տեղեկությունը հաստատող փաստական տվյալներ ունենանք, շատ խիստ է լինելու մեր մոտեցումը, որովհետեւ կարծում եմ՝ իրավապահ համակարգի ցանկացած աշխատակից, որը այդ բնույթի արարքներ կիրականացնի, նա այդ պահից կդադարի իրավապահ համակարգի աշատակից լինել։ Նա շարքային, տարրական հանցագործ է։ Նրա նկատմամբ քրեական պատասխանատվությունը շատ ավելի խիստ է լինելու, քան ցանկացած այլ հանցագործության պարագայում»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Էդգար Ծատինյանին ոստիկանական բաժնում ծեծի ենթարկելու եւ հիվանդանոցում նրան ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու վերաբերյալ մամուլի հրապարակումները Դատախազությունն ուղարկել է ՀՔԾ՝ ստուգելու:

Ծատրյանի մայրը՝ Լարիսա Եթարյանը, որդու մահվան մեջ մեղադրել էր ոստիկաններին եւ «Արմենիա» ԲԿ–ի բժիշկներին։ Կնոջ խոսքով՝ որդուն նախ դաժան ծեծի են ենթարկել Նոր Նորքի ոստիկանական բաժնում, գրպանը թմրանյութ գցել, որն Էդգարը վախից կուլ է տվել: Իսկ հիվանդանոցում, ըստ տուժածի մոր, ժամանակին  բուժօգնություն չեն ցուցաբերել, սոդայաջուր են տվել, որը խմելուց հետո որդին փսխել է, ապա՝ րոպեներ անց մահացել:

Հիշեցնենք, որ երիտասարդը մահացել է ապրիլի 8-ին «Արմենիա» ԲԿ–ում:

Ըստ ոստիկանության՝  նախնական բժշկական եզրակացության համաձայն՝ Էդգար Ծատրյանի մահվան պատճառն է սուր սիրտ-անոթային եւ շնչառական անբավարարությունը, սուր թունավորում ամֆետամինով, տոքսիկ կոման:

Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել էին, որ նախնական տվյալների համաձայն՝ մի քրեական գործի շրջանակում, սպանության կասկածանքով, Երեւան քաղաքի Գյուլիքեխվյան փողոցից ապրիլի 7-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին է բերման ենթարկվել նախկինում բազմաթիվ անգամներ դատապարտված Էդգար Ծատինյանը, որի ինքնազգացողությունը բաժնում կտրուկ վատացել է, ինչի պատճառով շտապօգնության կանչ է ձեւակերպվել, ու վերջինս տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ, որտեղ հայտնել է, թե չի հիշում՝ ինչ է կուլ տվել: Էդգար Ծատինյանը այնուհետեւ տեղափոխվել է «Արմենիա» բ/կ, որտեղ էլ ապրիլի 8-ի առավոտյան մահացել է:

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ հաղորդման մեջ նշված հանգամանքների ներգերատեսչական ստուգում իրականացնելու համար: Մարդու իրավունքների պաշտպանն էլ իր հերթին սեփական նախաձեռնությամբ քննարկման վարույթ է սկսել Էդգար Ծատինյանի մահվան մասին հրապարակային տվյալների կապակցությամբ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ