Քաղաքական - Քանի՞ հաստիք կկրճատվի կառավարության օպտիմալացման արդյունքում. քննարկում Աժ-ում

Ազգային ժողովում քննարկվում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը: Հիմնական զեկույցով հանդես եկավ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Նախարարը նշեց, որ առաջարկվող փոփոխությունների հիմնական նպատակն է ունենալ ֆունկցիոնալ իմաստով կառավարության առավել օպտիմալ կառուցվածք, ինչը հնարավորություն կտա լավագույնս ապահովել կառավարության արդյունավետ գործունեությունը:

«Ընդ որում՝ օրենքների նախագծերի փաթեթների ընդունման համար հիմք են հանդիսացել կառավարության կառուցվածքի վերաբերյալ մի շարք քննարկումներ, ինչպես նաև միջազգային փորձի ուսումնասիրությունները»,- նշեց նա:

Նշենք, որ օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է կրճատել փոխվարչապետների թիվը՝ հանելով առաջին փոխվարչապետի պաշտոնը, որի արդյունքում կլինի երկու փոխվարչապետ:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաև

  1. միաձուլել մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի կրթության և գիտության նախարարությունները՝ ստեղծելով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
  2. միաձուլել գյուղատնտեսության նախարարությունն ու զարգացման և ներդրումների նախարարությունը՝ ստեղծելով Էկոնոմիկայի նախարարություն:
  3. միաձուլել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն ու տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, որին կփոխանցվեն նաև տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության կողմից իրականացվող տրանսպորտի, այդ թվում՝ ճանապարհների ոլորտին առնչվող բոլոր լիազորությունները և գործառույթները:

Առաջարկվում է նաև տրանսպորտի կապի և ՏՏ նախարարությունը վերանվանել բարձր տեխնոլոգիաների արդյունավետության նախարարություն:

Ինչ վերաբերում է Սփյուռքի նախարարությունը,. այն կմիավորվի վարչապետի աշխատակազմին, որտեղ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի ինստիտուտ: Միևնույն ժամանակ վարչապետի աշխատակազմում կստեղծվի եռաստիճան օպտիմալ համակարգ, որտեղ առաջին մակարդակում իր դերակատարումը կունենա վարչապետը, երկրորդ մակարդակում վարչապետի կողմից նշանակվող սփյուռքի գործերի գործակատարը, իսկ ստորին մակարդակում կլինի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:

Վերջում արդարադատության նախարարը նշեց, որ նախարարությունների միաձուլումից հետո մի քանի ամսվա ընթացքում նախատեսվում է կրճատել կրկնվող ստորաբաժանումների գործառույթները, որի թվային ցուցանիշը գնահատվում է մի քանի հարյուր հաստիք:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ