Միջազգային - Պոմպեոն հայտարարել է, որ Ռուսաստանն «ապօրինաբար միջամտում է Վենեսուելայի գործերին»

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Ռուսաստանին մեղադրել է առանց իրավունքի Վենեսուելայի գործերին միջամտելու համար: Այդ մասին նա հայտարարել է` Mega TV-ին տված հարցազրույցում:

«Ռուսաստանը միջամտել է` դեմ գնալով Վենեսուելա պետության ղեկավարությանը, և դա արել է առանց իրավունքի: Ռուսաստանը չունի Վենեսուելայի ժողովրդի համաձայնությունը, որպեսզի այնտեղ գտնվի»,- ասել է Պոմպեոն և հավելել, որ Վենեսուելայի առաջնորդը համարվում է Խուան Գուաիդոն, իսկ Նիկոլաս Մադուրոն արդեն նախկին առաջնորդն է:

Ինչպես փոխանցում է «РИА Новости»-ն, ԱՄՆ պետքարտուղարը նաև Մոսկվային մեղադրել է Կուբայում և Նիկարագուայում ավտորիտար վարչակարգերի հետ «հին կապերի» համար և նշել, որ Ռուսաստանը «զենք է վաճառում, տարածում է սուտ և ամեն տեսակ քարոզչություն այդ երկրներում»:

Հիշեցնենք, որ Վենեսուելայում հունվարի 23-ից բողոքի զանգվածային ցույցեր են ընթացել երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ: Ցուցարարները պահանջել են վերջինիս հրաժարականը և երկրում սահմանադրական կարգերի վերահաստատում: Քաղաքական լարված իրավիճակի ֆոնին երկրի ընդդիմադիր խորհրդարանի առաջնորդ Խուան Գուաիդոն իրեն նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է հռչակել: ԱՄՆ-ն և մի շարք երկրներ ճանաչել են վերջինիս իշխանությունը, մինչդեռ Ռուսաստանը, Չինաստանը և այլ պետություններ աջակցում են Մադուրոյին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ