Մշակույթ - Հուշարձանների օրը «Էրեբունի»-ում կնշվի «Գյուղական լանդշաֆտի ժառանգությունը հայկական մշակույթի համատեքստում» խորագրով

Երեւանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» կազմակերպության հետ համատեղ ապրիլի 18-ը՝ Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրը, կնշեն միջոցառումների շարքով՝ «Գյուղական լանդշաֆտի ժառանգությունը» խորագրի ներքո:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից  հայտնում են, որ Հուշարձանների միջազգային օրվա շրջանակում «Էրեբունի» թանգարանում կներկայացվի նոր ցուցահանդես՝ «Գյուղական լանդշաֆտի ժառանգությունը հայկական մշակույթի համատեքստում» խորագրով: 

Ցուցահանդեսի նպատակն է բարձրացնել գյուղական լանդշաֆտի ժառանգության ճանաչողության, արժեւորման եւ պահպանության խնդիրները՝  ներկայացնելով ուրարտական ժամանակաշրջանից մինչեւ ուշ միջնադար հայկական մշակութային ժառանգության անքակտելի մաս կազմող տեղանքապատկերներն ու դրանց տարածքում տեղակայված եզակի  հուշարձանները:

Հուշարձանների միջազգային օրվա միջոցառումների շրջանակում «Էրեբունի» թանգարանում համերգային ծրագրով հանդես կգա «Մասունք» ազգագրական երգի-պարի համույթը՝ ներկայացնելով հայկական գեղջկական  երգերն ու պարերը:

Ծրագիրը կեզրափակի «Արմենյան թեւեր» վոկալ խումբը՝ Օրվա միջազգային խորագրին համահունչ ստեղծված գյուղական միջավայրում ներկայացնելով հայկական ժողովրդական երգերի ընտրանի, որի ընթացքում կմատուցվեն նաեւ հայկական գյուղական ուտեստներ:

Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա ապրիլի 18-ին, «Էրեբունի» թանգարանում, ժամը՝ 14:00-ին: Ցուցահանդեսը կգործի մինչեւ ս/թ մայիսի 18 -ը:

«Էրեբունի»  թանգարանն ու «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» կազմակերպությունը Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված վերոնշյալ միջոցառումներն իրականացնում են Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային խորհրդի՝ ԻԿՕՄՕՍ-ի առաջադրած «Գյուղական լանդշաֆտի ժառանգությւոնը» խորագրի ներքո, որը կապված է 2019թ. Մարոկկոյում կայանալիք ԻԿՕՄՕՍ-ի՝ «Գյուղական լանդշաֆտի ժառանգությունը» խորագրով միջազգային գիտական վեհաժողովի հետ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ