Սպորտ - ԵԱ․ Տաթեւ Հակոբյանը գրավեց չորրորդ տեղը

Բաթումիում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց 87 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Տաթեւ Հակոբյանը երկամարտի 230 կգ արդյունքով գրավեց չորրորդ տեղը։

Պոկում վարժությունում հայ մարզուհին նվաճեց փոքր բրոնզե մեդալ՝ 105 կգ։ Հրում վարժությունում Հակոբյանը բարձրացրեց 125 կգ։ Երկու վարժություններում էլ նա հաջողությամբ կատարեց մեկական փորձ։

Տաթեւ Հակոբյանը 2013 թվականի Եվրոպայի Մ-17 առաջնության բրոնզե մեդալակիր է (170 կգ երկամարտի արդյունք), 2017 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր է: Նույն տարում Եվրոպայի Մ-23 փոխչեմպիոնն է 90 կգ քաշայինների պայքարում (228կգ երկամարտ): 2018 թվականի Հայաստանի չեմպիոնն է 90 կգ քաշայինների պայքարում, նույն տարում Եվրոպայի երիտասարդական չեմպիոնն է 234 կգ երկամարտի արդյունքով: 2018 թվականի մեծահասակների աշխարհի առաջնությունն անհաջող է եղել Տաթեւ Հակոբյանի համար. նա 0  է ստացել:

Հայաստանի հավաքականի կազմում ապրիլի 13-ին ԵԱ-ի մրցահարթակ դուրս կգա եւս 6 մասնակից. +87 կգ՝ Արփինե Դալալյանը, 102 կգ՝ Արսեն Մարտիրոսյանը եւ Սամվել Գասպարյանը, օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը եւ Ռուբեն Ալեքսանյանը  (+109 կգ):

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ