Միջազգային - Սենատը Բեռնհարդտին հաստատել է ԱՄՆ ՆԳՆ ղեկավարի պաշտոնում

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը Դեւիդ Բեռնհարդտին հաստատել է ԱՄՆ ներքին գործերի նախարարի պաշտոնում, տեղեկացնում է «Իզվեստիա»-ն՝ հղում կատարելով The Washington Post-ին։

Ամերիկյան խորհրդարանի վերին պալատում քվեարկությունը տեղի է ունեցել ապրիլի 11-ին։ Նրա թեկնածությանն աջակցել է 56 սենատոր, եւս 46-ը դեմ է արտահայտվել։

Հունվարի սկզբին Բեռնհարդտը նշանակվել էր ՆԳՆ ղեկավարի պաշտոնակատար Ռայան Զինկեի հեռանալուց հետո։ Վերջինին մեղադրել էին բյուջետային միջոցները վատնելու մեջ։

Միացյալ Նահանգներում ներքին գործերի նախարարությունն ուժային գերատեսչություն չէ։ Այն հիմնականում զբաղվում է բնական պաշարների օգտագործման հարցերով։ Այս առնչությամբ պարբերականը հիշեցնում է, որ Բեռնհարդտը նավթագազային ճյուղի լոբբիստ է։ Իսկ նախարարությունը, որը վերահսկում է հանրային հողերի գրեթե կես միլիարդ հեկտար, այդ թվում բնական պաշարների հանքաշերտեր, սերտ շփումներ ունի պաշտոնյայի նախկին հաճախորդների հետ։

Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց ներքին անվտանգության նախարար Քիրսթեն Նիլսենի հրաժարականի մասին։ Դեռ անցած տարվա նոյեմբերին տեղեկացվել էր, որ ամերիկյան առաջնորդը դժգոհ է նրա աշխատանքից միգրացիայի ոլորտում, ինչի պատճառով մի քանի ամիս դաժան քննադատում էր նախարարին։ Նիլսենի պարտականությունները ժամանակավորապես կկատարի մաքսային-սահմանապահ ծառայության ղեկավար Քեւին Մաքելինենը։

Ավելի ուշ նույն օրը հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահը պաշտոնից հեռացրել է Միացյալ Նահանգների Գաղտնի ծառայության ղեկավար Ռենդոլֆ Ալեսին։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ