Միջազգային - Էկվադորի ՆԳՆ ղեկավարը մեղադրել է Ասանժին երկրի գործերին միջամտելու մեջ. Reuters

WikiLeaks կազմակերպությունը եւ նրա հիմնադիր Ջուլիան Ասանժը միջամտել են Էկվադորի ներքին գործերին։ Այսպիսի պնդմամբ հինգշաբթի հանդես է եկել Էկվադորի ներքին գործերի նախարար Մարիա Պաուլու Ռոմոն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Արդեն մի քանի տարի Էկվադորում ապրում է այդ կազմակերպության կարեւոր անդամներից մեկը, որը Ասանժի մերձավոր շրջապատից է։ Մենք բավականաչափ վկայություններ ունենք, որ նա նպաստել է երկրում իրավիճակի ապակայունացմանը՝ կառավարությանը վնաս հասցնելու նպատակով»,- նրա խոսքերը մեջբերում է El Comercio թերթը։

Ռոմոյի խոսքով՝ էկվադորյան իշխանությունները նաեւ հիմքեր ունեն կարծելու, որ Ասանժը կապված է եղել ռուսական հաքերների հետ, որոնք ապրում են Էկվադորում։ «Մենք տեղեկություն ունենք ռուսաստանցի երկու հաքերների անձի եւ գտնվելու վայրի մասին։ Այն կհանձնվի դատախազությանն առաջիկա ժամերին։ Մենք թույլ չենք տա Էկվադորը վերածել թվային ցանցահենության կենտրոնի»,- ասել է նախարարը։

Հինգշաբթի Ասանժը ձերբակալվել է Լոնդոնի ոստիկանության կողմից Լոնդոնում Էկվադորի դեսպանությունում։ Ավելի վաղ տեղեկացվել էր, որԷկվադորը որոշել է մերժել Ասանժին ապաստան տրամադրելու հարցում։ WikiLeaks-ի հիմնադիրը 2012-ից գտնվում էր դեսպանության տարածքում, որտեղ նրան ապաստան էր տրամադրվել։ Նա այդպես փորձում էր խուսափել Շվեդիա արտահանձնվելուց, որտեղ նրա ձերբակալման օրդեր էր տրվել սեռական բնույթի հանցագործությունների մեղադրանքով։

Ասանժի գլխավոր երկյուղն այն էր, որ Շվեդիան նրան կարտահանձնի ԱՄՆ-ին, որտեղ ավստրալացուն սպառնում է 35 տարվա բանտարկություն կամ մահապատիժ ԱՄՆ պետդեպարտամենտի գաղտնի փաստաթղթերի հրապարակման համար։ Առաջադրված մեղադրանքները Ասանժը հերքում է եւ դրանք անվանում քաղաքականացված։ 2017-ին Շվեդիայում նրա դեմ հարուցված գործը փակվել է, բայց Մեծ Բրիտանիան պնդում է, որպեսզի Ասանժը ձերբակալվի Լոնդոնում դատարան չներկայանալու համար։ 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ