Քաղաքական - Ստրասբուրգում հայ համայնքի հետ հանդիպման սենյակը փոքր էր. Փաշինյանը դուրս եկավ, որ բոլորը մասնակցեն հանդիպմանը

Իմ պատկերացումները երկրում մի շարք ոլորտներում տիրող իրավիճակի մասին շատ ավելի լավ էին, քան իրականում կա։ Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, Ստրասբուրգի հայ համայնքի հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատկերացումների տարբերության մասին։

Վարչապետը, սակայն, շեշտեց՝ Հայաստանում ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես ինքը պատկերացնում էր։

«Մեր տնտեսական գաղափարախոսությունը շատ պարզ է՝ մենք ասում ենք նույն բանաձեւը, ինչ դրել ենք քաղաքական հեղափոխության հիմքում, նույնը դնում ենք տնտեսական հեղափոխության հիմքում՝ քաջալերելով անհատական ջանքը, մարդուն օգնել, որ իր ուժերին հավատա, քաջալերել մեր ժողովրդի տաղանդը»,–նշեց նա։

Փաշինյանը շեշտեց՝ Հայաստանում այսօր չի կարող որեւէ մեկն ասել, որ ուզում է գործ անել, իրեն թույլ չեն տալիս. «Բացառվում է այդպիսի բան։ Ես չեմ բացառում, որ այդպիսի դեպքեր կլինեն, բայց դրանք մեզնից թաքուն դեպքերն են, երբ որ բռնեցինք  այդպես վարվողներին, դրանց հետ գիտեք, թե ինչ կլինի»։

Վարչապետը անդրադառնալով այն քննադատություններին, թե կառավարությունը տնտեսական ոլորտում հաջողություններ չունի,  ասաց. «Աշխարհի պատմության մեջ չեք տեսնի 2-րդ դեպք, երբ երկրում տեղի է ունեցել հեղափոխություն, եւ դրան չի հաջորդել տնտեսական փլուզում։ Մենք հիմա տնտեսական աճի ցուցանիշի մեջ ենք, Հայաստանում 10 ամսում աշխատատեղերի թիվն ավելացել է 51 հազարով։ Դա աշխատաշուկայի ընդհանուր 10 տոկոսն է»։

Նրա խոսքով՝ եթե բոլոր 51 հազար նոր աշխատատեղերն էլ ստվերից են դուրս եկել, նույնպես շատ մեծ հաջողություն է երկրի համար. «Մենք վստահ չենք կարող ասել, թե այդ աշխատատեղերից որ մասն է նոր ստեղծվել, եւ որ մասը ստվերից դուրս եկել, բայց եթե նույնիսկ ամբողջը ստվերից է դուրս եկել, դա աննախադեպ հաջողություն է»։

Վարչապետը համոզված է՝ այսօր Հայաստանում ռեալ տնտեսական գործընթացներ են գնում. «Առաջին եռամսյակի տվյալներով՝ ՀՀ բյուջեի եկամտային մասը 11 մլրդ դրամով գերակատարվել է։ ՀՀ պետբյուջեի եկամտային մասը այս տարի 40 մլրդ դրամով գերակատարվելու է։ Այսօր Հայաստանում ռեալ տնտեսական գործընթացներ են գնում»։

Նշենք, որ Ստրասբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման համար նախատեսված սենյակը շատ փոքր էր։ Համայնքից մոտ 150 հոգի շենքի դիմաց էին հավաքվել։ Վարչապետը դուրս եկավ դահլիճից, որպեսզի բոլորին հնարավորություն տա հարցեր ուղղել իրեն։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ