Տնտեսություն - «Սպայկա»-ին փոխարինող «Բեսթ ֆուդի» մասին առաջին անգամ եմ լսում. ՊԵԿ նախագահ

Ես չգիտեմ՝ ով ինչ է հայտարարում, իսկ «Բեսթ ֆուդի» մասին առաջին անգամ եմ լսում: Այդ մասին այսօր՝ ապրիլի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով հարցին, թե հայտարարվում է, որ «Սպայկա» ընկերությանը փոխարինելու է Բեսթ ֆուդը»:

«Առաջին անգամ եմ լսում այս ընկերության մասին: Տեսեք, «Սպայկայի» ղեկավարության նկատմամբ նրանց արարքների քրեաիրավական գնահատական տալու քննություն ենք իրականացնում: Եթե տնտեսագիտական կողմը նայենք, ապա մենք որպես կառավարություն ամեն ինչ անելու ենք, որ «Սպայկան» որպես տնտեսավարող սուբյեկտ իր գործունեությունը շարունակի: Բայց այստեղ դիլեմայի առաջ ենք մենք կանգնած, մենք չենք ուզում, որ սպայկայի գործունեությունը խաթարվի, բայց գործունեությունը չխաթարվելու նախապայման որպես ընդունելը, որ նաեւ քրեաիրավական գնահատական չպետք է տանք ղեկավարության վարքագծին նախկին, մենք պատրաստ չենք այդպիսի կոմպրոմիսի»,- նշեց Անանյանը:

Նա նաեւ նշեց, որ տնտեսությունում եւ ազատ շուկայական հարաբերություններում կա մրցակցություն. «Մենք կուզենանք, որ առողջ մրցակցության շրջանակներում որեւէ գործունեություն լինի ճիշտ եւ թափանցիկ աշխատողներով»:

Նշենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, միրգ-բանջարեղեն մթերող «Սպայկա» ընկերության շուրջ ծավալված աղմուկից հետո շուկա է մուտք գործում նոր ընկերություն: Խոսքը «Բեստ Ֆրութ Լոգիստիկս Ցենտր» ընկերության մասին է, որը ևս զբաղվում է պտուղ-բանջարեղենի մթերմամբ:

Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշում կայացրեց բավարարել ՊԵԿ քննչական վարչության միջնորդությունն ու երկու ամսով կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին:

Առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակում 2019թ. ապրիլի 4-ին Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չվճարելը) հատկանիշներով։

Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 036 666 312 ՀՀ դրամ մաքսատուրք եւ հարկ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ