Քաղաքական - Ռոբերտ Քոչարյանի կալանքի գործով բողոքի քննությունը հետաձգվեց. Քոչարյանը դիրքորոշում է հայտնել

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունը դարձյալ հետաձգվեց:

Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Օրբելյանը լրագրողներին տեղեկացրեց, որ դատական նիստը հետաձգվել է աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված. դատական նիստը կշարունակվի ապրիլի 10-ին, ժամը 12:30-ին:

Նա նշեց, որ այսօրվա նիստում հիմնականում ներկայացվեցին բողոքի վերաբերյալ առարկությունները։

Արամ Օրբելյանն ասաց, որ Քոչարյանը դատարանում էր, ընթացքում դիրքորոշումներ է արտահայտել տարբեր հարցերի վերաբերյալ, սակայն հայտարարությամբ հանդես կգա վերջում։

«Վերջում հայտարարությամբ հանդես կգա», - ասաց նա։

Նշենք, որ առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը, քննելով Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը, փետրվարի 15-ին նրան կալանավորելու որոշում էր կայացրել, միևնույն ժամանակ արձանագրելով, որ նրան վերագրվող կաշառքի դրվագում հիմնավոր կասկած առկա չէ: Բացի այդ՝ դատարանը նաև գտել էր, որ առկա չէ Քոչարյանի թաքնվելու վտանգ:

Դատարանի այս որոշումը բողոքարկել են թե՛ Քոչարյանի պաշտպանները, թե՛ դատախազությունը:

Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

Հիշեցնենք, որ փետրվարի 15–ին ՀՔԾ–ն հայտարարեց 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննության ավարտի մասին։

Այս գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ