Քաղաքական - Քննարկվել են ՀՀ ԱԳՆ նախկին շենքի ներդրումային ծրագրի շուրջ հարցեր. Վարչապետն ընդունել է Մարտին Էռնեկյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին, որին ուղեկցում էին «Էռնեկյան» ընկերության տնօրեն Խորխե Դել Ագիլան եւ «Արմենիա» միջազգային օդանավակայանի գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։             

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրերը եւ դրանց ընդլայնման հեռանկարները: Մասնավորապես, անդրադարձ է եղել Երեւանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, «Հայփոստ» ՓԲԸ հետագա գործունեությանը, Հանրապետության հրապարակում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին շենքի ներդրումային ծրագրին վերաբերող հարցերին: Մտքեր են փոխանակվել նաեւ ավիացիոն շուկայի զարգացման եւ մրցակցության խթանման հնարավորությունների շուրջ:

Կողմերը գոհունակություն են հայտնել ՀՀ կառավարության եւ «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջեւ ձեւավորված համագործակցության մթնոլորտից եւ փոխադարձաբար վերահաստատել այն էլ ավելի խորացնելու պատրաստակամությունը: Վարչապետը կարեւորել է Հայաստանում ընկերության կողմից իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են մեր երկրում բիզնես միջավայրի ակտիվությանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ հետագա քայլերի շուրջ քննարկումներն ավելի առարկայական շարունակել վարչապետի աշխատակազմի, շահագրգիռ գերատեսչությունների եւ ընկերության ներկայացուցիչների մակարդակով:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ