Քաղաքական - ՊԵԿ-ի նկատմամբ հանրային վստահության աստիճանը մեծանում է. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի ուղեկցությամբ այցելել է ՊԵԿ ստորաբաժանումներ:

Կառավարության ղեկավարը նախ եղել է Արարատյան մաքսատուն-վարչությունում՝ ավտոմաքսատանը, որտեղ կատարվում են տրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումները եւ բացթողնման համապատասխան գործառույթները:

Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոմիտասի 35 հասցեում գտնվող հարկ վճարողների սպասարկման սրահ, ծանոթացել ստորաբաժանման գործունեությանը, վերլուծության գործառույթ իրականացնող բաժնի աշխատանքներին: Կառավարության ղեկավարը եղել է ՊԵԿ ուսումնական կենտրոնի լսարանում, որտեղ պարբերաբար անցկացվում են վերապատրաստումներ եւ քննություններ, հետեւել հարկ վճարողների սպասարկման վարչության աշխատակիցների վերապատրաստման դասընթացին:

Վարչապետը շրջայցի ժամանակ ծանոթացել է նաեւ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության հիմնական գործառույթներին եւ իրականացվող նախագծերին: Մասնավորապես, կառավարության ղեկավարին են ներկայացվել ՊԵԿ սերվերային ենթակառուցվածքը, տվյալների մշակման կենտրոնը: Այցի շրջանակում կառավարության ղեկավարը ծանոթացել է նաեւ Մոնիտորինգի բաժնի, Հարկ վճարողների սպասարկման եւ հեռախոսազանգերի կենտրոնի գործունեությանը:

Վարչապետը հանդիպում է ունեցել ՊԵԿ ղեկավար կազմի հետ եւ նշել. «Կարիք չկա ասելու, թե մեր ծրագրերի իրականացման եւ երկրի զարգացման համար ինչ կարեւոր ու առանցքային նշանակություն ունի Պետական եկամուտների կոմիտեն: Շատ կարեւոր է, որ մենք կարողանանք գտնել կառավարություն-ՊԵԿ-հանրություն աշխատանքի ճիշտ բալանսավորված այն նիշը, որը բոլորի համար հարմարավետություն կստեղծի եւ հնարավորություն կտա, որ մենք մեր ծրագրերն իրականացնենք: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ վերջին 10 ամիսների ընթացքում կատարած աշխատանքի համար, որովհետեւ եկեք խոստովանենք, որ հեշտ ժամանակներ չեն եղել: Ուզում շնորհակալություն հայտնել, որ այն խնդիրները, որոնք ի սկզբանե ես դրել եմ, դրանց լուծման մեկնարկը կարծես սկսվում է եւ մենք լավատեսորեն ենք տրամադրված: Իհարկե, պարզ է, որ ՊԵԿ-ի աշխատանքը մեծապես պայմանավորված է տնտեսության ընդհանուր վիճակով, բայց ստվերի կրճատումը մեզ համար շատ կարեւոր ցուցանիշ է եւ ուղղություն, որը վստահություն է ներշնչում պետական կառավարման մարմինների աշխատանքի եւ ընդհանրապես ապագայի նկատմամբ:

Երբ երկու օր առաջ տնտեսական բլոկի ներկայացուցիչներով Դիլիջանում քննարկում էինք անցկացնում, կային տարբեր գաղափարներ, որոնք քննարկում էինք: Կան նաեւ շատ տարբեր մարտահրավերներ, որոնց հետ պետք է առերեսվենք: Բայց այդ ողջ քննարկման արդյունքում անընդհատ մի տերմինի էինք բախվում՝ հարկեր-ՀՆԱ ցուցանիշին: Այս առումով, իհարկե, այդ ցուցանիշն ապահովելու կարեւոր գործառույթը, առաջամարտիկը ՊԵԿ-ն է: Եվ կարեւոր եմ համարում ու կարծես դա նկատելի է, թեկուզ ոչ մեծ ծավալներով, թեկուզ ոչ անառարկելիորեն, բայց ՊԵԿ-ի նկատմամբ հանրային վերաբերմունքը փոխվում է, վստահության աստիճանը մեծանում է, եւ ուզում եմ, որ ՊԵԿ-ի իմիջի փոփոխությունն անընդհատ եւ լավ տեմպերով շարունակվի:

ՊԵԿ ասելով՝ մարդկանց մոտ պետք է բոլորովին ուրիշ ասոցիացիաներ առաջանան: Հույս ունեմ, որ այդ գործընթացն արդեն իսկ սկսվել է: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն ջանքերի համար, որ ներդրվում են այդ ուղղությամբ: Իհարկե, հատկապես այստեղ այս շեշտադրումն անելը շատ կարեւոր է, որովհետեւ այսօր, ըստ էության, ՊԵԿ-ը թվայնացման ոլորտում կարծես մեր պետական կառավարման համակարգի առաջամարտիկն է, իսկ թվայնացումը նույնպես մեր կառավարության համար առաջնահերթություն է: Դա հնարավորություն պետք է տա, որ պետության կողմից մատուցվող ծառայությունների որակը եւ մակարդակն էականորեն բարձրանան: Անպայման այդ ուղղությամբ պետք է գնանք առաջ:

Պարոն Անանյան, աշխատանքային քննարկումների ընթացքում այս մասին խոսել ենք, եւ կարծում եմ՝ մեր գործընկերները պետք է իմանան, որ մեր աշխատանքային քննարկումների մթնոլորտը վերջին 10 ամիսների ընթացքում բարելավվել է, այդ քննարկումների մեջ լարվածությունը վերանում է, եւ ես դրա համար ցանկանում եմ Ձեզ եւ ներկաներին շնորհակալություն հայտնել: Ցանկանում եմ սա արձանագրելով՝ բոլորիս քաջալերել, որպեսզի մենք այս պրոցեսը վստահ եւ հաստատակամ շարունակենք, որովհետեւ իսկապես սա այն կարեւոր անկյունաքարերից է, որի վրա պետք է մեր ապագան կառուցենք»

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ