Քաղաքական - Վլադիմիր Գասպարյանը հարցաքննվել է

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անվան հետ կապված՝ հակամրցակցային գործունեություն ծավալելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձինք չկան: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից:

Սակայն ՀՔԾ-ից հրաժարվել են պատասխանել, թե գործով ինչ դատավարական կարգավիճակ ունի Վլադիմիր Գասպարյանը՝ նշելով, որ քրեական գործի նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ հայտնել չեն կարող:

Վլադիմիր Գասպարյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ իրեն առնչվող քրեական գործի մասին կխոսի, երբ տվյալ գործով իրավական կարգավիճակ ունենա:

NEWS.am-ի տեղեկություններով՝ գործի նախաքննության ընթացքում Վլադիմիր Գասպարյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով։

Հիշեցնենք, որ 2018 թ. դետեմբերի 18-ին Քննչական կոմիտեն հայտարարեց, որ Հակամրցակցային գործունեություն ծավալելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ ազգային ժողովի 2012թ.-ի ընտրություններից առաջ՝ հունվար-փետրվար ամիսներին, ՀՀ ոստիկանության նախկին պետը (խմբ. այդ ընթացքում պաշտոնավարել է Վլադիմիր Գասպարյանը), իր պաշտոնեական դիրքն ու լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ խոստացել է միջամտել եւ օգնել «Քինգ Դելյուքս» ընկերության նախկին սեփականատիրոջը՝ վճարովի ուղեւորափոխադրումներին առնչվող խնդիրները լուծելու հարցում, եթե վերջինս խորհրդարանական ընտրություններում աջակցի Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ