Միջազգային - Խորհրդարանում Թերեզա Մեյի հանդեպ վստահության քվեարկություն անցկացնելու պահանջ. Sky

Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավոր, պահպանողական Մարկ Ֆրանսուան փորձում է հասնել այն բանին, որպեսզի վարչապետ, թորիների առաջնորդ Թերեզա Մեյի հանդեպ վստահության քվեարկություն անցկացվի, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Sky News հեռուստաալիքի եթերում արված հայտարարությանը։

Ֆրանսուան արդեն համապատասխան հարցապնդմամբ  դիմել է Պահպանողական կուսակցության 1922 կոմիտեին, որը միավորում է շարքային թորի պատգամավորներին։ «Ես ձեզ գրում եմ անհատական կարգով, որպեսզի արտահայտեմ անկեղծ համոզմունքս, որ Թերեզա Մեյը հիմա պետք է հրաժարական տա վարչապետի պաշտոնից»,- նամակի հեղինակը տեղեկացրել է այդ կոմիտեի ղեկավար Գրեմ Բրեյդիին, հաղորդում է հեռուստաալիքը։

 

Ֆրանսուայի խոսքով՝ թորիները չեն կարող շարունակել քաղաքական գործունեությունը ստեղծված պայմաններում՝ «թույլ առաջնորդով, պառակտված կառավարությամբ ու հուսահատված կուսակցությամբ»։ «Ես կարծում եմ, որ Թերեզա Մեյը անհաջող առաջնորդ էր մեր կուսակցության համար, որը նա հիմա սպառնում է կործանել»,- հավելել է պատգամավորը, որն առաջարկել է կազմակերպել քվեարկությունը ոչ ուշ, քան չորեքշաբթի։

Ֆրանսուան այսպես կոչված European Research Group-ի փոխնախագահն է, որը միավորում է պահպանողական եվրաթերահավատ Ջեյկոբ Ռիս-Մոգի կողմնակիցներին։ Քաղաքական այս գծի հետեւորդ պատգամավորները երկյուղներ ունեն, որ Մեյը լեյբորիստների հետ քաղաքական փակուղուց ելքի մասին բանակցությունների ժամանակ կդիմի այնպիսի զիջումների ընդդիմությանը, որոնք այդպես էլ թույլ չեն տա երկրին իրականացնել Brexit-ը՝ չնայած եվրաթերահավատների հաղթանակին 2016-ի համազգային հանրաքվեում ԵՄ-ին երկրի հետագա անդամակցության մասին։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ