Հասարակություն - ԱՄՆ դեսպանը եւ Երևանի քաղաքապետը բացեցին նոր տեխնոլոգիական կենտրոն Երեւանում

Հայաստանումում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պաշտոնապես բացեցին Երևանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում ձևավորված նոր Տեխնոլաբը:

Այս տեխնոլոգիական կենտրոնը ձեւավորվել է ԱՄՆ դեսպանության և Երևանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի երկարամյա և հաջող համագործակցության արդյունքում և ներառված է Երևանի ամերիկյան անկյան կազմում:

Տեխնոլաբը հագեցված է համակարգիչներով, եռաչափ տպիչներով, եռաչափ գրիչներով, ինչպես նաև կոդավորման ու ռոբոտիկայի համար անհրաժեշտ գործիքակազմով: Տեխնոլաբի նպատակն է նոր տեխնոլոգիաների և տեխնիկական հմտությունների զարգացման համար անհրաժեշտ գործիքների օգտագործման անվճար հնարավորությունների ապահովումը՝ հատկապես երիտասարդների համար:

Տոխնոլաբում կանցկացվեն կոդավորման և ծրագրավորման դասընթացներ և ուսուցումներ կապված կենտրոնում առկա նոր տեխնոլոգիաների հետ: Այցելուները կարող են նաև բերել և տեղում օգտագործել իրենց անձնական սարքավորումները:  Այստեղ նաև ապահովվում է ինտերնետային կապ: Շինությունը հասանելի է հաշմանդամություն ունեցող անձնանց համար: Ինչպես բոլոր Ամերիկյան անկյուններում, այստեղ ևս բոլոր ծառայությունները և ծրագրերը կլինեն անվճար:

 Բացման արարողության ժամանակ դեսպան Թրեյսին իր խոսքում նշեց. «Միացյալ Նահանգները և  Հայաստանը համակարծիք են այն հարցում, որ մեր հետզհետե ավելի ու ավելի շատ փոխկապակցված գլոբալ հասարակությունում երիտասարդների հաջողության գրավականը կրթությունն է գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի մասով… Հուսով եմ, որ նոր Տեխնոլաբը կօգնի լրացնել տեխնոլոգիաների նկատմամբ առկա մեծ հետաքրքրությունը, որ այս պահին կա Հայաստանում»:

  «Այս գերժամանակակից տեխնոլաբը, որն  ԱՄՆ  դեսպանության և Երևան քաղաքի միջև արդյուանվետ համագործակցության հերթական փայլուն նմուշն է, հնարավորություն կտա գրադարանի ընթերցողներին օգտվել նորագույն տեխնոլոգիաներից: Այստեղ կկազմակերպվեն նաև նորագույն սարքավորումներից  օգտվելու դասընթացներ՝ բոլոր տարիքային խմբերի համար: Սա այն է, ինչ մենք ուզում ենք և գնում ենք այդ ուղղությամբ՝ նոր մակարդակի բարձրացնել մեր  ավանդույթները բարձր տեխնոլոգիաների բնագավառում, և տալ նոր գործիքներ մարդկանց՝ կրթվելու եւ զարգանալու համար», - ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ շնորհակալություն  հայտնելով ԱՄՆ  դեսպանությանն արդյունավետ համագործակցության համար։

 Երևանի Ամերիկյան անկյունը հիմնադրվել է 2005թ. ապրիլին: Երևանի ամերիկյան անկյունը Հայաստանում ԱՄՆ դեսպանության հովանու ներքո գործող 5 ամերիկյան անկյուններից մեկն է: Մյուս ամերիկյան անկյունները գտնվում են Գյումրի, Վանաձոր, Կապան և Չարենցավան քաղաքներում:  Ամերիկյան անկյունների դռները բաց են բոլոր այցելուների համար, ովքեր ցանկանում են ավելին իմանալ Միացյալ Նահանգների մասին, և այդ հարցում օգնելու համար Ամերիկյան անկյունները առաջարկում են տարբեր ծրագրեր, դասախոսություններ, ինչպես նաև գրքեր, ամսագրեր, ֆիլմեր: Ամերիկյան անկյունները տեղեկատվական հարթակ են, որտեղ այցելուները կարող են.

• ստանալ խորհրդատվություն ամերիկյան կրթության վերաբերյալ, եթե հետաքրքրված են ԱՄՆ-ում ուսանելու հեռանկարներով,

• մասնակցել տարբեր թեմաներով աշխատարանների, որոնք միտված են որոշակի գործնական հմտությունների ու անգլերենի իմացության բարելավմանը,

• մասնակցել դասերի ու խմբակների, որտեղ ներկայացվում են նոր տեխնոլոգիաները, 21-րդ դարի թվային հմտությունները, օգտվել ակադեմիական գրականությունից,

• դիտել ֆիլմեր, մասնակցել քննարկումների և դասախոսությունների ձեռներեցության, առաջնորդման, ընթացիկ զարգացումների, արտաքին քաղաքականության և շատ ու շատ այլ հարցերի շուրջ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ