Հասարակություն - Պահանջում են վարչապետի անձանական երաշխավորությամբ ազատ արձակել «Սպայկա»–ի տնօրենին

Կառավարության շենքի դիմաց «Սպայկա»–ի տնօրեն Դավիթ Ղազարյանի կալանավորման որոշման դեմ բողոքի ակցիա իրականացնող ընկերության աշխատակիցներին քիչ առաջ հանդիպեց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։

Նա հայտարարեց, որ վարչապետը չի կարող միջամտել դատական համակարգի գործերին։

«Վարչապետը բազմիցս հայտարարել է, որ քրեական գործերի ընթացքներին երբեք չի խառնվելու և  բնականաբար այս գործը չի կարող լինել բացառություն»,–ասաց նա։

Ակցիայի կազմակերպիչ, «Սպայկա»–ի զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի անձնական երաշխավորությամբ միայն կարող են Դավիթ Ղազարյանին ազատ արձակել.

«Մեզ համար առաջնային խնդիրը Դավիթ Ղազարյանի կալանավորումը չեղյալ հայտարարելն է, մենք ենթադրում ենք, որ դա հնարավոր է պաշտոնատար անձանց անձնական երաշխիքի միջոցով և մենք պահանջում ենք պարոն վարչապետի անձնական երաշխիքը, որ պարոն Ղազարյանը կալանքից ազատվի»,–ասաց նա՝ հավելելով, որ իրենք պահանջում են, որ Դավիթ Ղազարյանը րոպե առաջ ազատ արձակվի կալանքից։

Նշենք, որ այսօր՝ ապրիլի 8-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշում կայացրեց բավարարել ՊԵԿ քննչական վարչության միջնորդությունն ու  երկու ամսով կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին:

Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեկան գործի շրջանակներում 2019թ. ապրիլի 4-ին Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասi (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չվճարելը) հատկանիշներով։

Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը  պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 036 666 312 ՀՀ դրամ մաքսատուրք եւ հարկ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ