Միջազգային - American Airlines-ը երկարացրել է Boeing 737 MAX-ի թռիչքների չեղարկումը

American Airlines ընկերությունը Boeing 737 MAX-ը չի օգտագործի նվազագույնը մինչեւ հունիսի 5-ը, ինչը կհանգեցնի օրական 90 չվերթի չեղարկման, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ American Airlines-ը ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության (FAA) համապատասխան հրահանգի համաձայն՝ դադարեցրել է 24 Boeing 737 MAX-ից կազմված իր ամբողջ պարկի թռիչքները:

«Թռիչքների մեծ ճգրտություն ապահովելու եւ վերջին պահին խափանումներից խուսափելու համար American-ը որոշում է ընդունել մինչեւ հունիսի 5-ը չեղարկումը երկարացնելու մասին: Ելնելով մեր ընթացիկ չվացուցակից՝ դա կհանգեցնի օրական 90 չվերթի չեղարկման»,- նշված է ընկերության կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Մարտի 10-ի առավոտյան Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 MAX 8 օդանավը, որի մեջ եղել էր 157 մարդ, ներառյալ անձնակազմի 8 անդամները, վթարի էր ենթարկվել եթովպիական Դեբրե Զեյթ քաղաքից ոչ հեռու: Սա 5 ամսում այս մոդելի օդանավերի երկրորդ աղետն էր. 2018-ի հոկտեմբերի 29-ին կործանվել էր ինդոնեզիական Lion Air ավիաընկերության օդանավը:

Աղետից հետո շուրջ 20 երկիր իր տարածքը փակել էր այդ մոդելի օդանավերի համար, շատ ավիաընկերություններ դադարեցրել էին նաեւ Boeing 737 MAX 8-ի շահագործումը: Ամերիկյան Boeing կոնցեռնը, չնայած 737 MAX-ի անվտանգության մասին հայտարարություններին, այնուամենայնիվ ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչությանը խորհուրդ էր տվել դադարեցնել այս մոդելի բոլոր օդանավերի թռիչքները:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ