Միջազգային - Լեհաստանը ցանկանում է պահանջել Գերմանիայից 900 մլրդ դոլարի չափով փոխհատուցում

Լեհաստանի իշխանությունները մտադիր են խոշոր հաշիվ ներկայացնել Գերմանիային Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հասցված վնասի դիմաց: Երկրում իշխող «Օրենք եւ արդարություն» կուսակցության պատգամավոր Յանուշ Շեւչակը գնահատել է փոխհատուցման գումարը 900 մլրդ դոլարի չափով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Խայտառակություն է, որ գերմանացիների կողմից լեհ քաղաքացիների բնաջնջման եւ լեհական տնտեսության ոչնչացման մասին այդչափ ակնհայտ հարցը արհամարհվում է վերջին 30 տարիների ընթացքում,-նշել է նա wpolityce.pl տեղեկատվական ռեսուրսին տված հարցազրույցում: Ավելի զարմանալի է գերմանացի քաղաքական գործիչների վերաբերմունքը, որոնք դասեր են տալիս լեհերին օրենքի գերակայության մասին»:

«Քանի դեռ Գերմանիան չի մարել Լեհաստանի պարտքը Երկրորդ համաշխարհային պատերազմի համար, իսկ խոսքը վերաբերում է 900 մլրդ դոլարին, պետք է բացարձակ զսպվածություն պահպանի, երբ խոսվում է լեհական կառավարության վրա հարձակումների մասին»,-ասել է պատգամավորը:

Շեւչակի խոսքերով՝ Լեհաստանը կշարժվի փոխհատուցումը ստանալու ուղղությամբ: 2019 թվականի ավարտին խորհրդարանական խումբը, որը զբաղվում է վերջնահաշվարկով, պետք է ներկայացնի մնացած հաշիվը:

Փոխհատուցումների թեման քննարկվում է Լեհաստանում 2017 թվականից, երբ «Օրենք եւ արդարություն» կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին հայտարարել էր, որ երկիրը երբեք չի հրաժարվել Գերմանիայի փոխհատուցումից: Այդ ժամանակ ազգային պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անտոնի Մաչերեւիչը հայտնել էր լեհական հեռուստատեսության եթերում, որ իրավական տեսանկյունից Լեհաստանն ունի բոլոր հիմքերը Բեռլինից փոխհատուցում պահանջելու համար:

Գերմանիայի կառավարությունը բազմիցս նշել է, որ որեւէ հատուցման համար հիմք չի տեսնում, քանի որ 1953 թվականին Լեհաստանը պաշտոնապես հրաժարվել էր փոխհատուցումներից: Վարշավայում պնդում են, որ 1953 թվականի համաձայնագիրը ստորագրվել էր իրավունքի խախտումով ԽՍՀՄ ազդեցության ներքո եւ վերաբերում էր միայն արդեն գոյություն չունեցող ԳԴՀ-ին եւ Լեհական Ժողովրդավարական Հանրապետությանը, որը, համաձայն տեղի վերլուծաբանների, ինքնիշխան պետություն չէր:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ