Միջազգային - Թրամփը նահանջում է Մեքսիկայի սահմանի փակման հարցում

ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանին ապրող բազմաթիվ մարդկանց համար սահմանի փակման հեռանկարն անհանգստացնող է:

«Այդ դեպքում բազմաթիվ արտադրություններ կկանգնեն, այնպես որ, սա ազգային հարց է, որն ԱՄՆ-ին օգուտ չի բերի», - «Ամերիկայի Ձայն»-ի հաղորդմամբ այս մասին ասել է Թեքսասի Էլ Պասոյում Հանրապետական կուսակցության առաջնորդ Ադոլֆո Թելեսը:

Նախագահ Թրամփն ուրբաթ օրն այցելել է Մեքսիկայի հետ սահմանի Կալիֆոռնիայի Քալեքսիկոյի հատվածը՝ իրավիճակին տեղում ծանոթանալու համար:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը սպառնացել էր փակել Մեքսիկայի հետ սահմանը, եթե այդ երկրի իշխանությունները քայլեր չձեռնարկեն Կենտրոնական Ամերիկայից իրենց տարածքով Միացյալ Նահանգներ ժամանող ապօրինի ներգաղթյալների հոսքը կանգնեցնելու ուղղությամբ: Սակայն, այժմ կարծես թե Թրամփը որոշել է նահանջել իր նախնական հայտարարությունից.

«Միակ բանը, որը կաշխատի սահմանը փակելուց ավելի լավ, այստեղ եկող ավտոմեքենաների սակագների բարձրացումն է, եւ ես դա կանեմ, ես խաղեր չեմ խաղում: Մենք նրանց մեկ տարվա նախազգուշացում ենք տալիս»:

Դոնալդ Թրամփն այս հայտարարությամբ հանդես եկավ այն բանից հետո, երբ Մեքսիկայի հետ սահմանի փակման վերաբերյալ իր նախորդ հայտարարությունն արժանացավ սուր քննադատության։

Դոնալդ Թրամփը հանդես էր եկել նաեւ Գվատեմալային, Հոնդուրասին եւ Էլ Սալվադորին ուղղվող 450 միլիոն դոլարի ամերիկյան օգնությունը դադարեցնելու մասին հայտարարությամբ։

Անօրինական ներգաղթի դեմ պայքարը մնում է 2020 թվականի նախագահական ընտրապայքարում Թրամփի հիմնական խաղադրույքներից մեկը, նշում են վերլուծաբանները:

«Կարելի է պատկերացնել, որ անօրինական ներգաղթյալները շարունակում են ԱՄՆ ժամանել Մեկսիկայից, եւ Դոնալդ Թրամփը հայտարարում է՝ «խնդիրը լուծելու եւ պատ կառուցելու համար ինձ եւս չորս տարի է անհրաժեշտ», - նշել է վելրուծաբան Քրիսթոբալ Ռամոնը:

Մինչ Դոնալդ Թրամփը ներգաղթի վերաբերյալ կոշտ հայտարարություններ է անում, նրա ավագ խոհրդականն ու դստեր ամուսինը՝ Ջարեդ Քուշները, ըստ լուրերի, մշակում է փաստաթուղթ, որը թույլ կտա ավելացնել օրինական ներգաղթյալների մուտքը Միացյալ Նահանգներ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ