Քաղաքական - Հայաստանը շարունակելու է առաջ տանել ցեղասպանության կանխարգելման օրակարգը. Զոհրաբ Մնացականյան

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ապրիլի 5–ին Կիգալի կատարած պաշտոնական այցելության շրջանակներում հանդիպել է Ռուանդայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Դոնատիլ Մուկաբալիսային: ՀՀ ԱԳՆ–ից   հայտնում են, որ նախարար Մնացականյանն ընդգծել է Հայաստանի հանձնառությունը՝ զարգացնելու  ոլորտային համագործակցություն աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ՝ այդ առումով մեծապես կարևորելով միջազգային կառույցների, մասնավորապես՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հարթակը:

Երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ առկա է լավ ներուժ աշխարհագրորեն միմյանցից հեռու գտնվող երկու ժողովուրդներին առավել մոտեցնելու համար: Այս համատեքստում կարևորվեց Հայաստանի և Ռուանդայի միջև խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման և փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը:

Ներկայացնելով թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները և դրան հաջորդած զարգացումները՝ նախարար Մնացականյանն ընդգծել է, որ կառավարության՝ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա իրագործվող բարեփոխումներն ուղղված են երկրում  ժողովրդավարության ամրպանդմանը և տնտեսական ոլորտում հավասար հնարավորությունների ընձեռմանը:

Անդրադառնալով ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ իրականացվող քայլերին՝ նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը՝ որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, շարունակելու է հետևողականորեն առաջ տանել ցեղասպանության կանխարգելման օրակարգը: Զրուցակիցները շեշտել են այս հարցում միջազգային հարթակներում Հայաստանի և  Ռուանդայի համատեղ ջանքերի ներդրման կարևորությունը:

Դոնատիլ Մուկաբալիսան ողջունել է և բարձր գնահատել Զոհրաբ Մնացականյանի մասնակցությունը Ռուանդայի ցեղասպանության 25-ամյակին նվիրված միջոցառումներին:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ