Միջազգային - Մենք չենք կարողանա պաշտպանել Արեւմուտքը, եթե մեր դաշնակիցները կախված լինեն Ռուսաստանից. Մայք Փենս

«Գերմանիան ավելին պետք է անի։ Մենք չենք կարողանա ապահովել Արեւմուտքի պաշտպանությունը, եթե մեր դաշնակիցները կախված լինեն Ռուսաստանից»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Վաշինգտոնում ՆԱՏՕ միջոցառման ժամանակ, տեղեկացնում է AFP-ն։

«Եվրոպայի ամենամեծ տնտեսության համար պարզապես անթույլատրելի է անտեսել ռուսական ագրեսիայի սպառնալիքը եւ արհամարհել սեփական ինքնապաշտպանությունն ու մեր ընդհանուր պաշտպանությունը»,- ասել է Փենսը։

Նախագահ Դոնալդ Թրամփը քանիցս դժգոհություն է հայտնել, որ ՆԱՏՕ գծով բոլոր դաշնակիցները չէ, որ հասնում են 2014-ին դաշինքի առաջադրած նպատակին՝ հատկացնել իրենց ՀՆԱ երկու տոկոսը պաշտպանությանը։

Գերմանիան անցած ամիս հայտարարել էր, որ պաշտպանության ծախսերը կկրճատվեն ՀՆԱ 1,25 տոկոսով 2023-ին։

ԱՄՆ-ը նաեւ  դժգոհ է Գերմանիայի «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման հետ կապված ծրագրերից։

«Եթե Գերմանիան շարունակի «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցումը, ապա դա, ինչպես ասել է նախագահ Թրամփը, կարող է Գերմանիայի տնտեսությունը վերածել Ռուսաստանի գերու»,- ասել է Փենսը։ Նա միեւնույն ժամանակ խոստացել է, որ Միացյալ Նահանգները «միշտ կլինի Եվրոպայի մեծագույն դաշնակիցը»։

Ավելի ուշ Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասն ասել է, որ բեռը կիսելը միայն ծախսերը չեն, ՆԱՏՕ-ն նախ եւ առաջ «արժեքների միություն է»։

Նշելով, որ Գերմանիայի պատմությունը ռազմական ծախսերը հակասական է դարձրել, Մաասը հիշեցրել է, որ Բեռլինը Աֆղանստանին մեծությամբ երկրորդ մատակարարն է եւ Ուլմ քաղաքում կառուցում է ՆԱՏՕ հրամանատարական նոր կենտրոն։ «Մենք Եվրոպայում գիտենք, որ մեր անվտանգությունը հավուր պատշաճի չենք պաշտպանում։ Մենք պետք է պարտավորվենք, որպեսզի շարունակենք պաշտպանել այն»,- ասել է նա։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ