Միջազգային - Եթովպիայի ավիաուղիների կործանված Boeing 737 MAX-ի օդաչուները հետեւել են հրահանգներին

Եթովպիայի ավիաուղիների անցյալ ամիս կործանված Boeing 737 MAX-ի օդաչուները աղետից առաջ հետեւել են օդանավի արտակարգ դրության հրահանգներին, սակայն չեն կարողացել այն կառավարել, հայտնում է The Wall Street Journal-ը:

Քննության նախնական արդյունքների համաձայն՝ օդաչուները փորձել են օդանավը կառավարել՝ հետեւելով մանեւրումը ուղղելու համակարգի անջատման հրահանգներին, սակայն չեն կարողացել օդանավը կառավարել:

Դրանից հետո նրանք նորից են միացրել համակարգը եւ փորձել գտնել օդանավի կառավարման այլ եղանակներ, սակայն նրանց դա չի հաջողվել:

Պարբերականը նշում է, որ այս տեղեկությունը հիմնված է սեւ արկղերի տվյալների վերծանման արդյունքների վրա:

Մարտի 10-ի առավոտյան Եթովպիայի ավիաուղիների Boeing 737 MAX 8 օդանավի կործանման հետեւանքով զոհվել էր 157 մարդ, որը դարձել է վերջին 5 ամսում Boeing 737 MAX-ի երկրորդ մահացու աղետը:

Ողբերգությունից հետո տասնյակ երկրներ հայտարարել էին այս մոդելի օդանավերի համար իրենց տարածքները փակելու մասին: Դրանից բացի, շատ ավիաընկերություններ դադարեցրել են Boeing 737 MAX-ի շահագործումը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ