Քաղաքական - Վիեննայից հետո անհասկանալի իրավիճակ է ստեղծվել. ռազմական ղեկավարությանը ԱԺ հրավիրելու անհրաժեշտություն կա. Ն. Զոհրաբյան

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում որոշ դիտարկումներ է արել՝ կապված Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը հաջորդած իրավիճակի հետ:

Նա, մասնավորապես, գրել է.

«Վիեննայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիեւ հանդիպումից հետո ժամեր անց Ալիեւը հայտարարեց. «Պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է պատերազմի առաջին փուլը, իսկ բանակցությունների նպատակը ադրբեջանական տարածքների ազատագրումն է»:

Ալիեւը նաեւ հայտարարեց, որ բանակցային ֆորմատի փոփոխություն չի լինելու:

Սա, հիշեցնեմ, Վիեննայի հանդիպումից անմիջապես հետո:

Եվս մեկ դիտարկում. թավշյա հեղափոխությունից հետո առաջին անգամ վերջին շրջանում ադրբեջանական զինուժը նորից կիրառեց վաթսուն միլիմետրանոց ականանետ, որից ինը բեկորային ական արձակվեց Արցախի դիրքերի ուղղությամբ: Բացի դա, ադրբեջանական զինուժն օգտագործեց հաստոցավոր ավտոմատներ, նռնականետեր, ինչպես նաեւ գործի դրվեցին դիպուկահարները:

Ալիեւյան մտավարժանքներից հետո նախօրեին վարչապետ Փաշինյանը հայտարարում է. «Համաձայնեք, շատ տարօրինակ իրավիճակ է, երբ երկու երկրների ղեկավարներ մի քանի ժամ սենյակում հանդիպում են ունենում, որից հետո արվում են մեկնաբանություններ, որոնք տրամագծորեն տարբերվում են եւ սա ընդհանրապես գործընթացի լրջությունը դնում է կասկածի տակ»:

Իրապես ստեղծվել է բավականին անհասկանալի իրավիճակ, եւ խնդիրը Հայաստանի խորհրդարանում քննարկելու հրատապ անհրաժեշտություն կա: Խորհրդարանական քաղաքական ուժերի կողմից վարչապետին եւ պնախարարին առանձին ԱԺ խորհրդարանական խմբակցություններ հրավիրելու փոխարեն «Բարգավաճ Հայաստան»-ն առաջարկում է հնարավորինս արագ կազմակերպել խորհրդարանական փակ քննարկում, որին պարտադիր պետք է ներկա լինեն ինչպես ՀՀ, այնպես էլ Արցախի քաղաքական եւ ռազմական ղեկավարությունը, ինչպես նաեւ Արցախի խորհրդարանի մեր պատգամավոր գործընկերները»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ