Տնտեսություն - UNCTAD –ը Հայաստանի ներդրումային գրավչության բարձրացման վերաբերյալ զեկույց կպատրաստի

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD) փաստահավաք փորձագիտական խմբին։

Նախարարությունից հայտնում են, որ խումբը մարտի 27-ից ապրիլի 6-ը Հայաստանում առաքելություն է իրականացնում` նախապատրատելու Հայաստանի ներդրումային քաղաքականության վերանայումը հետեւյալ ռազմավարական ուղղվածությամբ. «Ինչպե՞ս ներգրավել արտահանմանն ուղղված եւ արդյունավետության բարձրացմանը միտված ներդրումներ»:

Նախարարը չափազանց կարեւորել է խմբի առաքելությունը Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման տեսանկյունից։

Առաքելության ներկայացուցիչ Մասսիմո Մելոնին նշել է, որ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից գերազանց աջակցություն են ստացել՝ արդյունավետ իրականացնելու իրենց հետազոտությունները։ Նա ներկայացրել է նախորդ օրերին տեղի ունեցած քննարկումները, հետաքրքությունների շրջանակը, ինչպես նաեւ զեկույցի կազմման եւ ամփոփման ժամկետները։

Կողմերը քննարկել են առաքելությանը հետաքրքրող հարցերի շրջանակ՝ կառուցվածքային խնդիրներից մինչեւ օրենսդրական կարգավորումներ։ Մասնավորապես, անդրադարձ է եղել արտահանմանը միտված ներդրումների ներգրավման ներուժ պարունակող տնտեսության ճյուղերին։

ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի փորձագիտական խումբը Շվեցարիայում Հայաստանի առեւտրական ներկայացուցիչ Հայկ Հովhաննիսյանի ուղեկցությամբ Հայաստանում հանդիպումներ եւ քննարկումներ է ունենում 50-ից ավելի ձեռնարկատերերի, բիզնես ասոցիացիաների, միջազգային եւ դոնոր կազմակերպությունների, ինչպես նաեւ պետական կառույցների հետ։ UNCTAD-ը նմանատիպ զեկույցներ է պատրաստել աշխարհի շուրջ 50 երկրների համար։

Հայկ Հովհաննիսյանի խոսքով՝ կազմակերպության պատրաստած զեկույցների վրա են հիմնվում խոշոր երկրներ` երրորդ պետությունների ներդրումային միջավայրի վերաբերյալ սեփական զեկույցները պատրաստելիս: UNCTAD-ը նաեւ ունի գործիքակազմ առաջարկված բարեփոխումների կիրարկման ուղղությամբ աջակցություն ստանալու դյուրացման համար:

2018 թվականին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, մասնակցելով UNCTAD-ի կողմից կազմակերպված Համաշխարհային ներդրումային համաժողովին, խնդրագրով դիմել էր կազմակերպության գլխավոր քարտուղարին՝ պատրաստել Հայաստանի վերաբերյալ ներդրումային զեկույց: 

Վիճակագրական հետազոտությունը ցույց է տալիս, որ այն երկրները, որտեղ պատշաճ մակարդակի կիրարկվել են UNCTAD-ի զեկույցի առաջարկությունները, գրանցել են օտարերկրյա ներդումների մինչեւ եռապատիկ աճ զեկույցի հրապարակմանը հաջորդող 5 տարիների ընթացքում: 2016-2017 թվականներին, երբ գլոբալ անդրսահմանային ներդրումային հոսքերը գրանցել են 23%-ոց անկում, այդ երկրներն ունեցել են օտարերկրյա ներդրումների 29%-ոց աճ: Կարեւոր է նաեւ նշել, որ փորձագիտական խումբը բաղկացած է բարձրակարգ մասնագետներից, ովքեր այս տեսակ ուսումնասիրություններ են իրականացրել տասնյակ երկրներում եւ չեն ներկայացնում որեւէ բիզնես կամ քաղաքական շահ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ