Քաղաքական - Սերժ Սարգսյանը չի պատրաստվում լքել քաղաքական դաշտը․ Աշոտյան

Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը չի լքել եւ չի պատրաստվում լքել քաղաքական դաշտը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Խոսելով նախկին նախագահի առաջիկայում սպասվող ելույթի կամ հարցազրույցի մասին՝ Աշոտյանը նշել է, թե Սերժ Սարգսյանը լավ գիտի, որ կան հարցեր, որոնց շուրջ ժողովուրդն ուզում է լսել իր կարծիքը։ «Հարցերը տարբեր են։ «Ինչու նա սխալ էր, իսկ Նիկոլը ճիշտ»-ից սկսած մինչեւ ներքաղաքական, Ղարաբաղի հարցեր եւ քաղաքական լայնամասշտաբ հարցերի շրջանակ»,- նշել է Աշոտյանը՝ հավելելով, որ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է մի հարցազրույցը պատասխանել բոլոր հարցերին։

 

Նրա խոսքերով, միանշանակ է, որ երբ Սարգսյանը որոշի խոսել, նա կխոսի հայկական լսարանի հետ։ Ձեւաչափի մասին Աշոտյանը դեռեւս չի խոսել՝ միայն նշելով, որ դիտարկվում են տարբեր ձեւաչափեր, կա մոտ տասնյակ հրավեր՝ տարբեր ԶԼՄ-ներից։ Ընդ որում, Աշոտյանը նկատել է, որ չնայած նախկին նախագահի հետ հաճախ շփումներին, իրեն էլ է շատ հետաքրքիր լսել Սերժ Սարգսյանի հրապարակային խոսքը։ Ինչ վերաբերում է այդ ելույթին, ապա հարցը տեխնիկական է, ոչ թե՝ կոնսպիրոլոգիական։

Այն հարցին, թե պատրաստվում է արդյոք Սերժ Սարգսյանը վերադառնալ քաղաքականություն, Աշոտյանը պատասխանել է, որ ակտիվ քաղաքականությունը միանգամյա լրատվական առիթ չի ենթադրում։ «Նա չի լքել եւ չի պատրաստվում լքել քաղաքական դաշտը։ Դա միանգամյա գործողություն չի լինի»,- նշել է Աշոտյանը։ Որպես օրինակ, նա հիշեցրել է, որ նախկին մյուս նախագահները եւս ամեն օր հարցազրույց չեն տալիս։ «Խոսում են երբ գալիս է ժամանակը, եւ դա վերաբերում է բոլոր քաղաքական առաջնորդներին։ Խոսքը (Սարգսյանի – խմբ․) կլինի բանավոր, սակայն չեմ բացառում նաեւ գրավորը»,- հայտնել է Աշոտյանը՝ ընդգծելով, որ ՀՀԿ-ն նաեւ ընտրություններից հետո է շարունակել ակտիվ գործունեությունը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ