Քաղաքական - Առողջապահության փոխնախարարը կալանավորվեց

քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալված առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին։

Ավելի վաղ ԱԱԾ–ն հայտնել էր, որ 2019 թվականի մարտի 30-ին բուժհաստատության ղեկավարաը առողջապահության նախարարի տեղակալին վերջինիս աշխատասենյակում որպես կաշառք անձամբ տվել է առանձնապես խոշոր չափերով գումար, որի փոխանցումն իրականացվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նույն օրը բերման ենթարկված փոխնախարարը ձերբակալվել է՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, իսկ կաշառք տալու մեջ կասկածվող անձի նկատմամբ, հաշվի առնելով վերջինիս տարիքը և առողջական վիճակը, որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ աջակցություն էր հայտնել իրավապահ մարմիններին։

«Ամենևին կասկածի տակ չառնելով անմեղության կանխավարկածը, ուզում եմ հայտնել, որ վերցնողն ով էլ լինի, եթե գործի շրջանակներում մեղավորությունը հաստատվի` նա պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ»,– գրել էր նախարարը։

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ