Հասարակություն - Զինգրքույկներում Ապրիլյան պատերազմին մասնակցելու մասին նշումների հարցը մասամբ է լուծվում, վիրավորներից շատերն անուշադրության են մատնված. քննարկում

«Դիրքապահ. քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ նախագահ Մանուել Մանուկյանը, միևնույն ՀԿ անդամներ, Ապրիլյան պատերազմի մասնակից  մասնակիցներ Գևորգ Գրիգորյանը և Միքայել Սահակյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձան զինգրքույկներում Ապրիլյան պատերազմին մասնակցելու վերաբերյալ նշումներ կատարելու, ապրիլի 2-ը պետական մակարդակով որպես զոհված տղաների օր հայտարարելուն և այլ հարցերի:

Մանուել Մանուկյանը նշեց, որ իրենք կարծում են, որ Ապրիլյան պատերազմը պետք է առանձնացվի պետական մակարդակով և ապրիլի 2-ը դառնա անմահ հերոսների հիշատակի օր: Նա նշեց, որ հարցին պետք է խորը նայել: Թեև համաձայն է վարչապետի ասածի հետ, որ օրացույցի հետ պետք է զգույշ վարվել, սակայն կարծում է, որ այդ օրը առանձնացնելով՝ ժողովրդի մեջ հայրենասիրություն կսերմանեն:

«Վերջին քսան տարիների ընթացքում Ապրիլյան պատերազմը հայ ազգի միասնական դառնալու ամենանշանավոր օրերից է եղել, ազգով մի բռունցք դարձած՝ պայքարում էինք արտաքին թշնամու դեմ: Ապրիլյան պատերազմի օրերին հայ ժողովուրդը ավելի միասնական է եղել, քան հեղափոխության օրերին, և եթե չեն կարող պետական մակարդակով առանձնացնել այդ օրը, այսքանը մեզ համար անհասկանալի և անընդունելի է»,-ասաց նա:

Անդրադառնալով զինգրքույկներին՝ Մանուել Մանուկյանը նշեց, որ խնդիրն այն չէ, որ զինգրքույկում պարզապես չոր նշում արվի, այլ, որ դա պատմություն է, իրականությունն է և չպետք է կեղծվի: «Ապրիլյան պատերազմի մասնակից մենք համարում ենք նրանց, ովքեր եղել են առաջնագծում»,-ասաց նա և կարևորեց զոհերի ընտանիքներին աջակցություն տրամադրելը:  Մանուել Մանուկյանն օրինակ բերեց զոհերի մայրերից մեկին, որ նշել էր, թե  շատ վատ վիճակում են գտնվում, և իրենց նամակները մնում են անպատասխան:

Միքայել Սահակյանը խոսեց վիրավորների խնդիրներից և նշեց, որ շատ վիրավորների աջակցություն չի տրվում: Նա կոչ արեց պաշտոնյաներին, որ սոցիալական ապահովություն հատկացնելու մեխանիզմ մշակեն:

«Ես երկու տարի թոշակ եմ ստացել, հիմա ինձ զրկել են իմ թոշակին՝ պատճառաբանելով, որ չեմ համապատասխանում հաշմանդամության կարգին»,-ասաց նա և նշեց, որ թոքերում առկա է երեք բեկոր:

Գրիգորյան Գևորգն էլ անհրաժեշտ է համարում այն, որ հատուկ մարմին ստեղծվի, որը բոլոր հարցերին կանդրադառնա: «Զինգրքույկներում նշումների հետ կապված հարցը մասամբ է լուծվում, գործողությունների մասին ոչինչ չի նշվում: Վիրավորներից շատերը անուշադրության են մատնված իշխանավորների կողմից: Կարծում եմ, որ այդ հարցերին  պետք է տրվի շուտափույթ  լուծում:

Դավիթ Օհանջանյանն էլ ավելացրեց, որ հույսով սպասում են, որ զինգրքույկերի հարցը լուծվի:  «Ամռանը, ովքեր զորացրվեցին, նրանց բոլորին գրվեց մասնակցության մասին, իսկ դրանից հետո զորացրվողներինը չգրվեց»,-ասաց նա:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ