Տնտեսություն - Տիգրան Խաչատրյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարաբերությունները խորացնելու հնարավորությունները

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Նախարարը ողջունել է դեսպանին,  շնորհավորել նշանակման կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ դիվանագիտական առաքելության մեջ:

Նախարարությունից հայտնում են, որ դեսպան Թրեյսին նախարարի հետ հանդիպման ժամանակ նշել է․ «Ուրախ եմ հանդիպել Ձեզ, պարոն Խաչատրյան, եւ  քննարկել մեր երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունները խորացնելու, ինչպես նաեւ Հայաստանի ժողովրդի համար առավել բարեկեցիկ ու առավել պայծառ ապագա ապահովելու հնարավորությունները»:

Տիգրան Խաչատրյանն իր հերթին նշել է, որ ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ մշտապես քննարկվել են ոչ միայն օրակարգային խնդիրները, այլեւ՝ Նահագների աջակցությունը եղել է հուշող՝ Հայաստանի տնտեսությունը ավելի մրցունակ դարձնելու գործում կարեւոր բարեփոխումների իրականացման, վաղվա օրակարգը սահմանելու գործում։

Նախարարը հյուրերին է ներկայացրել ՀՀ կառավարության տնտեսական առաջնահերթությունները եւ ընդգծել․ «Մենք ներկա ծրագրում արել ենք կարեւոր շեշտադրում՝  տնտեսական աճի որակը, որը պետք է ազդի շատ թվով մարդկանց վրա։ Այդպիսով, տնտեսական ներառականությունը համարում ենք այն հիմնական չափումը, որով կառավարությունը  պետք է հաշվետու լինի իր վարած քաղաքականության արդյունքների համար»։

Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է ձեռնարկությունների ցածր արտադրողականության  խնդրին եւ այս համատեքստում քննարկել դրանց տեխնիկական հագեցվածության եւ վերազինման խնդիրները։

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարը եւ դեսպանը առաջանցիկ տնտեսական զարգմացման ապահովման տեսանկյունից քննարկել են ժամանակակից  կրթության որակի բարելավման, սեփականության իրավունքների պաշտպանության եւ գործող վարչարարության առավելագույն կրճատման կարեւորությունը։

Կողմերը մտքեր են փոխանակել նոր ներդրումների ներգրավման, արտաքին առեւտրային հարաբերությունների զարգացման եւ գործարար միջավայրի բարելավման վերաբերյալ։

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ