Մամուլ - Վաշինգտոնը Հայաստանին վարկերի «փոսն է գցում». թիկունքից հարված՝ Եվրոպային ու ՀՀ-ին

«Իրատես» թերթը գրում է. «Մինչ Եվրոպան ծանր ու թեթև էր անում` ֆինանսավորե՞լ, թե՞ չֆինանսավորել վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսելում ներկայացրած 13 ծրագրերը` գորդյան հանգույցը կտրեց Վաշինգտոնը։ ՀԲ-ն առաջիկա հինգ տարվա համար Հայաստանն կհատկացնի կես միլիարդ դոլարի վարկ։

Այլ կերպ ասած, Ամերիկան մեկ զարկով խնդիրը լուծեց, և ինչպես հատուկ է իրեն, թիկունքից հարվածեց Եվրոպային ու Հայաստանին` բարի քեռու դեմքով։ Եվ այսպես, ՀԲ-ն Հայաստանին հատկացնում է 500 մլն դոլարի վարկ, որն ուղղվելու է կոռուպցիայի դեմ պայքարի, մարդկային կապիտալի զարգացման, բնապահպանական ցուցանիշների, արտահանման ծավալների ավելացման և այլ ծրագրերին։ Ավելին, ՀԲ-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ այդ ծրագրերը համահունչ են ՀՀ կառավարության քաղաքական կամքին և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 13 ծրագրերին, որոնց մասին նա խոսեց վերջին ասուլիսում` պատասխանելով մեր հարցին, թե որքան գումար է նախատեսում Եվրոպան հատկացնել այդ ծրագրերին. «Եվրամիության բարձր ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել դրամաշնորհների միջոցով աջակցել այդ ծրագրերին, սակայն Հայաստանը նույնպես իր բաժին ներդրումը պետք է ունենա այդ ծրագրերում»։

…Իհարկե, Հայաստանը կարող էր հրաժարվել այդ վարկից, բայց չմոռանանք, որ երբ կարիքի մեջ են, դժվար թե երես թեքես փող տվող ձեռքից։ Այն, որ հայաստանյան տնտեսությունն այսօր կարիքի մեջ է և լուրջ խնդիրներ ունի, ցավոք, դժվար է ժխտել։

Կարելի է ներկայացնել տնտեսության աշխուժացմանը միտված թվեր, սակայն իրականությունն ավելի խոսուն է։ Ինչևէ։

Նկատենք, որ, խոշոր վարկ հատկացնելով Հայաստանին, Վաշինգտոնը փորձ է անում կանխել Եվրամիության ազդեցությունը Հայաստանում` ցուցադրելով իր հզորությունը։ Մյուս կողմից, եվրոպական իր գործընկերներին Վաշինգտոնը սա կարող է ներկայացնել որպես լավություն, քանի որ այս վարկը լուծում է վերը նշված 13 ծրագրերում Հայաստանի կառավարության ներդրումային չափաբաժնի հարցը։ ՀԲ-ի այս «նվերը» կարող է շատ թանկ նստել հայ ժողովրդի վրա (պատահական չէր վարչապետի մտահոգությունը պետական պարտքի ավելացման հարցում)։ Իրողությունները վկայում են, որ թե՛ Եվրամիությունը, թե՛ Վաշինգտոնը շահագրգռված են Հայաստանի պետական պարտքի ավելացման հարցում. ֆինանսական կախվածության դեպքում ցանկացած երկրի կարելի է թելադրել սեփական կամքը։ Ի դեպ, հարևան Վրաստանում տնտեսության մեջ ուղղակի ներդրումներ արվեցին ոչ վարկային միջոցների հաշվին»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ