Մամուլ - Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի հարաբերություններում ճգնաժամ է

«Փաստ» թերթը գրում է. «Մարտի 29-ին խորհրդարանի արտահերթ նիստը մի քանի ժամով տապալվեց, ինչը ԱԺ ղեկավարությունը բացատրեց այն հանգամանքով, որ «Իմ քայլը» խմբակցության մեծաքանակ պատվիրակություն է մեկնել Արցախ։ Նիստն, իհարկե, մի քանի ժամ ուշացումով կայացավ ու կատարվեցին փոփոխություններ «Ազգային ժողովի կանոնակարգ» ու «Սահմանադրական դատարանի մասին» օրենքներում։ Բնավ մտադիր չենք քննարկել կատարված փոփոխությունների իրավական նրբերանգները, միայն նկատենք, որ խորհրդարանական նիստի նույնիսկ ժամանակավոր տապալման հանգամանքը ու նաև օրենսդրական փոփոխություններին ուղեկցող թեժ բանավեճերը հուշում են, որ գործ ունենք ոչ այնքան տեխնիկական պատճառների, որքան՝ ներիշխանական հակասությունների հետ։

Խնդիրը նույնիսկ այն չէ, որ Նիկոլ Փաշինյանի թիմը Սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնում տեսնում է փաստաբան Վահե Գրիգորյանին, իսկ նախագահ Արմեն Սարգսյանն, օգտվելով իր սահմանադրական լիազորություններից, առաջարկել է այլ թեկնածուի։ Այս դրվագն ընդամենը խորքային հակասությունների լոկալ դրսևորւմ է։

Հեղափոխության լարված օրերին ու դրանից հետո Արմեն Սարգսյանի դրական, ռացիոնալ վարքագիծը նրան համեմատաբար հեշտ ու անցնցում ինտեգրեց հետհեղափոխական ինստիտուցիոնալ իրականությանը, ու շատերը ուրախությամբ արձանագրեցին, որ հեղափոխական թիմի լեգիտիմությունն ու բարձր վարկանիշը կարող է արդյունավետորեն համադրվել Սարգսյանի միջազգային հեղինակության ու փորձառության հետ։ Սակայն բարենպաստ այդ համատեքստը քաղաքական ինստիտուցիոնալ հարաբերությունների հիմքեր չստեղծեց, ինչի հետևանքով Սարգսյանի ու հեղափոխության թիմի հարաբերությունների ճգնաժամն այսօր տեսանելի է անգամ անզեն աչքով, ու այն ակնհայտորեն խորանալու միտում ունի, այլ խոսքով՝ այն, ինչ տեսնում ենք այսօր, միայն սկիզբն է»։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ