Մշակույթ - Եթե պետք է օրենքը փոխվի, որ Կ. Օրբելյանը կարողանա պաշտոնավարել, կարծում եմ՝ կարելի է դրան գնալ. Գեւորգ Գորգիսյան

Եթե պետք է օրենքը փոխվի, որ Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին տնօրեն Կոնստանտին  Օրբելյանը կարողանա պաշտոնավարել, կարծում եմ՝ կարելի է դրան գնալ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը, որը եկել էր տնօրենի ազատման դեմ բողոքող արտիստների հետ հանդիպելու։

Հիշեցնենք, որ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը հայտարարել էր, որ Օրբելյանը չի կարող միաժամանակ զբաղեցնել Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի եւ գեղարվեստական ղեկավարի պաշտոնները։

«Դեպքեր կան, երբ օրենքները կարելի է փոխել։ Օրենքները երկաթի վրա դաջված չեն, ենթակա են փոփոխման, պետք է հասկանալ, թե ինչու է այդպես եղել եւ եթե հիմա կա օրենքը փոխելու պահանջ, ուրեմն պետք է օրենքը փոխել։ Օրենքներն, ի վերջո, կոչված են ծառայելու ժողովրդին ու հանրությանը, եւ հիմա եթե պետք է օրենքը փոխվի, որ պարոն Օրբելյանը կարողանա պաշտոնավարել, կարծում եմ՝ կարելի է դրան գնալ»,–ասաց Գեւորգ Գորգիսյանը։

Պատգամավորը վստահ է՝ մշակույթի նախարարի պարտականությունները կատարողը պետք էր հանդիպում կազմակերպեր Օրբելյանի եւ թատրոնի տնօրենի իրենց թեկնածուի հետ՝ հասկանալու համար՝ որքանով է հնարավոր նրանց համատեղ աշխատանքը. «Եթե կա տնօրենի նոր թեկնածու, ուղղակի կարելի էր կանչել այդ ինչ–որ մեկին, կանչել պարոն Օրբելյանին, նախարարի պաշտոնակատարի մոտ նստեին, հասկանային կարող են միասին աշխատել, չեն կարող, կամ ինչ գործառույթներ է իրականացրել պարոն Օրբելյանը Օպերայի եւ բալետի թատրոնում, որով կարողացել է ապահովել այն բումը, որ մենք հիմա ունենք, որովհետեւ տարիներ շարունակ ոչինչ չի եղել այս շենքում, ուղղակի տոնածառի հանդեսներ են միայն եղել»։

Պատգամավորը հայտնեց՝ Ազգային ժողովում պատրաստվում են համապատասխան քննարկում անել նախարարի պաշտոնակատարի հետ, նաեւ ԼՀԿ–ից դիմել ենք նախարարի պաշտոնակատարին պարզաբանումներ ստանալու համար։ 

Խոսելով մշակույթի պաշտոնակատարի աշխատանքի մասին՝ Գորգիսյանն ասաց, որ եթե ոլորտում գործունեություն ծավալող մարդիկ այսքան դժգոհ են նրանից եւ ոլորտում առկա խնդիրները ոչ թե պակասել են, այլ ավելացել են, ապա «նա սխալ է աշխատել, ուստի կառավարությունը նրա աշխատանքին պետք է տա քաղաքական գնահատականին»։

Պատգամավորի համար ընդունելի չէ Օրբելյանի՝ հայերենին չտիրապետելու պահանջը. «Կոնստանտին Օրբելյանին, իմանալով, որ հայերենին չի տիրապետում,  հրավիրել ենք Հայաստան՝ վերածնելու թատրոնը եւ բալետը եւ դա նրա մոտ ստացվել է։ Մենք արտասահմանում բնակվող հայերի ներուժն օգտագործելու  խնդիր ենք դնում, եթե հայերենի պահանջը դնենք, շատ մեր մասնագետներ հայերենին  չեն տիրապետում։ Պատերազմում հաղթելու մեծ դեր ունեցած մարդիկ հայերեն չեն խոսում, Կոմանդոսը նորմալ հայրենե չի խոսում, միայն հայերենի իմացությամբ չի կարելի սահմանափակում դնել»։

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի  ԼՀԿ–ական անդամ Աննա Կոստանյանն էլ իր հերթին ասաց, որ սխալ է միայն օրենքին հղում կատարելը՝ չնշելով, թե արդյոք Կոնստանտին Օրբելյանը արդյունավետ աշխատել է, թե ոչ։   Նա նշեց, որ մշակույթի ոլորտում օրենսդրական բացերին առաջիկայում նախատեսում են անդրադառնալ, սակայն միայն լավ ուսումնասիրությունից հետո։ 

Նշենք, որ Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց՝ պահանջելով չեղյալ համարել օպերային թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանը, ինչպես նաեւ աշխատանքից ազատել Նազենի Ղարիբյանին:

Որպես ազատման պատճառ նրանք նշել են մշակույթի եւ նրա գործիչների նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը, օրենքին հակասող հանձնարարականներ ու հրամաններ տալը:

Հիշեցնենք, որ օրերս Նազենի Ղարիբյանի հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել է թատրոնի տնօրենի պաշտոնից՝ մնալով միայն գեղարվեստական ղեկավար: Ինքը՝ Օրբելյանը հայտարարել է, որ այդ դեպքում ընդհանրապես կհեռանա թատրոնից:

Բացի այդ, նախօրեին Հայաստանի թատերական գործիչների միությունում ընդլայնված նիստ է տեղի ունեցել, որի մասնակիցները բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով Նազենի Ղարիբյանի անհապաղ հրաժարականը:

Նամակի տակ ստորագրել են Հայաստանի գրեթե բոլոր թատրոնների ղեկավարները:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ