Հասարակություն - ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի Նազենի Ղարիբյանից

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանին ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով աշխատանքից ազատելու վերաբերյալ։

«Կոնստանտին Օրբելյանին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու մասին լուրը հրապարակվելուց անմիջապես հետո խոսել եմ մաեստրոյի հետ:

Հաշվի առնելով, որ հարցն առնչվում է մաեստրոյի իրավունքների երաշխավորմանը՝ որոշում եմ կայացրել քննարկման վարույթ սկսելու մասին: Երկուշաբթի պաշտոնական նամակով պարզաբանումներ կպահանջվեն Մշակույթի նախարարի պաշտոնակատարից Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու հիմքերի և պատճառների մասին:

Այս պահին ի գիտություն եմ ընդունել Մշակույթի նախարարության և նախարարի պաշտոնակատարի հրապարակային պարզաբանումները»,- նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի 2019 թ. մարտի 28-ի հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից։

Մշակույթի նախարարությունը որպես ազատման հիմք ընդունել է Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին օրենքի 15-րդ հոդվածը, ըստ որի՝ ՊՈԱԿ-ի տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, մինչդեռ Կոնստանտին Օրբելյանը բացի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենից նաև գեղարվեստական ղեկավարի պաշտոնն էր զբաղեցնում։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ