Տարածաշրջան - Չավուշօղլուն բացառել է Ս-400-ների վերավաճառքը

Ռուսական Ս-400-ները Թուրքիային պետք են իր համար, ոչ մի վերավաճառք չի լինի, ասել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Մենք Ռուսաստանի հետ համաձայնագիր ենք ստորագրել, Թուրքիային հարկավոր են հրթիռային համալիրներ, մենք խորհրդակցել ենք շատ երկրների հետ, քննարկել, բայց որոշ երկրներ չցանկացան մեզ ԶՀՀ տրամադրել, եւ մենք պայմանավորվեցինք Ռուսաստանի հետ ու պայմանագիր ստորագրեցինք։ Այդ պայմանագիրը ստորագրվել է, այն ուժի մեջ է, հիմա մենք խոսում ենք մատակարարման ժամկետի մասին»,- ասել է Չավուշօղլուն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքների հիման վրա։

Նա նաեւ նշել է, որ երբ երրորդ երկրները դեմ են հանդես գալիս երկու երկրների որոշմանը, դա պարզապես հակասում է միջազգային քաղաքականությանը։ «Մենք Ռուսաստանի հետ ստորագրել ենք պայմանագիր, եւ մեզ չեն վերաբերում երրորդ երկրները։ Մենք ձեռք կբերենք սեփական կարիքների համար ԶՀՀ-ներ, դրանք մեզ պետք են։ Ռուսաստանը կարող է երրորդ երկրներին վաճառել Ս-400-ներ, ինչո՞ւ պետք է ես դեմ լինեմ այն արտադրանքին, որը ես ձեռք եմ բերում ինձ համար։ Կարեւոր պահ է. որոշ մասեր արտադրվում են Թուրքիայում»,- պարզաբանել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Նախօրեին ամերիկացի սենատորները երկկուսակցական օրինագիծ էին ներկայացրել, որով արգելվում էր Թուրքիային F-35 կործանիչներ մատակարարելը այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ կառավարությունը չի հաստատի, որ Անկարան հրաժարվել է ռուսական Ս-400-ներից։

«Ռուսաստանի՝ Թուրքիայում ԱՄՆ ինքնաթիռների եւ տեխնոլոգիաների հասանելիություն ստանալը լուրջ սպառնալիք է ազգային ու գլոբալ անվտանգությանը»,- ասել է դեմոկրատ սենատոր Ժաննա Շահինը՝ օրինագծի չորս համահեղինակներից մեկը։

Թուրքիան ԱՄՆ-ի եւ յոթ երկրների հետ միասին մասնակցում է F-35-ի ստեղծման նախագծին՝ արտադրելով այդ կործանիչի տարբեր մասեր։ Անկարան արդեն պատվիրել է 30 նման մեքենա։ ԱՄՆ-ը, սակայն, նախազգուշացրել է Թուրքիային, որ կարող է հրաժարվել նրան վաճառել F-35, եթե Անկարան Ս-400 գնի։

2016 թվականի նոյեմբերին հայտնի դարձավ Թուրքիայի եւ ՌԴ բանակցությունների մասին՝ Ս-400-ներ ձեռք բերելու հետ կապված։ 2017-ի սեպտեմբերին Ռուսաստանում հաստատեցին պայմանագրի կնքման փաստը, այդ ժամանակ էլ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը տեղեկացրեց, որ կանխավճարն արդեն մուծված է։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ