Հասարակություն - Կառավարությունը մերժեց «Լուսավոր Հայաստանի» նախագիծը. զորացրված զինծառայողները անվճար չեն բուժվի

Կառավարությունն այսօր՝ մարտի 29-ի իր նիստում բացասական եզրակացություն տվեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությանը, որը վերաբերում է զորացրված զինծառայողների առողջական համալիր փորձաքննությանը։ Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ նախատեսվում էր օրենքով ամրագրել, որ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը լրանալու հիմքով զինվորական ծառայությունից արձակված շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինծառայողներն անցնում են առողջական վիճակի համալիր հետազոտություն եւ բժշկական փորձաքննություն՝ զինվորական ծառայությունից արձակվելուց անմիջապես հետո, սակայն ոչ ուշ, քան արձակվելուց մեկ օրացուցային ամսվա ընթացքում: Եթե պարզվի, որ զինծառայության ընթացքում զինծառայողի մոտ առողջական խնդիրներ են առաջացել, ապա պետությունը պարտավոր է հոգալ այդ ծախսերը:

Պաշտպանության նախարարության պարզաբանման մեջ նշվում է, որ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների առողջության պահպանման հետ կապված հարաբերությունները սահմանված են օրենքով, ըստ որի՝ զինծառայողներն անցնում են խորացված եւ հսկիչ-բժշկական քննություն, պլանային բուժզննումներ: Գործող օրենքի համաձայն՝ զինված ուժերից սահմանված կարգով արձակվելուց հետո ծառայության ժամանակ ծագած հիվանդության եւ խեղման պատճառական կապի մասին փորձաքննական եզրակացությունները կարող են քննարկվել եւ հաստատվել զորացրվելուց հետո` 5 տարվա ընթացքում, իսկ զինվորական ծառայության ժամանակ ստացած վնասվածքի պատճառական կապի մասին փորձնական եզրակացությունները քննարկվում եւ հաստատվում են անկախ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելու ժամանակահատ-վածից:

Այսպիսով՝ գործադիրը մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը, քանի որ վերոնշյալ իրավական ակտերից ակնհայտ է, որ գործող օրենսդրությամբ սահմանված են մի շարք կարգավորումներ զինվորական ծառայությունից հետո առողջական խնդիրներ ունենալու դեպքում անձի առողջական վիճակի հետազոտման եւ փորձաքննության, դրանց արդյունքներով պատճառական կապի որոշման եւ առողջական վիճակի վերականգնման գործընթացի վերաբերյալ:

Եզրակացության մեջ նշված է նաեւ, որ առաջարկված ձեւաչափով պարտադիր բժշկական հետազոտությունների եւ փորձաքննության իրականացումն իրատեսական չէ, քանի որ յուրաքանչյուր զորակոչի շրջանակներում զորացրվում է մի քանի հազար քաղաքացի, որի պարագայում, եթե նախագծի հեղինակների պատկերացմամբ այդ գործընթացն իրականացվելու է զինվորական կոմիսարիատների եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունների ու ռազմաբժշկական փորձաքննություն իրականացնող մարմինների կողմից, ապա այն բավականին բացասական ազդեցություն է թողնելու նշված մարմինների բնականոն գործունեության վրա՝ հաշվի առնելով թե՛ բուժման գործընթացում գտնվող զինծա-ռայողների ծավալները եւ թե՛ այն հանգամանքը, որ զինկոմիսարիատներն ամբողջ տար-վա ընթացքում իրականացնում են զինվորական հաշվառման գործընթաց, իսկ յու-րաքանչյուր զորակոչի բժշկական ապահովման գործընթացը սկսվում է նախկին զորակոչի ավարտից գրեթե անմիջապես հետո»,- նշված է եզրակացության մեջ։

«Միաժամանակ, կիսելով նախագծի հեղինակների մտահոգությունները՝ զինվորական ծառայությունից արձակված եւ առողջական խնդիրներ ունեցող անձանց երաշխավորված բժշկական օգնությունը եւ սպասարկումն ապահովելու վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հանդես կգա Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 1-ին հավելվածի 25-րդ կետում փոփոխություն կատարելու նախաձեռնությամբ, ըստ որի՝ զինվորական ծառայությունից առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ արձակ-ված կամ զինվորական ծառայության ավարտից հետո զինվորական ծառայության հետ կապված պատճառական կապով առողջական վիճակը վատթարացած անձինք, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել, իրա-վունք կունենան անվճար եւ արտոնյալ պայմաններով հիվանդանոցային բժշկական օգնության եւ սպասարկման` բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից կազմված վերականգնողական անհատական ծրագրի շրջանակներում»,- գրված է նախագծում։

Ամփոփելով՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ նմանատիպ հարցերը ահազանգ են, որ լուծումներ գտնեն: «Ես կածում եմ, որ լուծումները գտնված են»,-ասաց նա:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ